ArmStyle

Հայտնի դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանը երեկ՝ հոկտեմբերի 26-ին, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ԱՌԿԱ Style-ի թղթակցին տեղեկացրեց «Մալաթիա» բժշկական կենտրոնի սրտաբան Նաիրա Գոջաբաշյանը:

Նա նշեց, որ դերասանի առողջական վիճակն այժմ լավ է, իսկ ինքնազգացողության վատացման պատճառը հոգեկան ու էմոցիոնալ գերլարումն է եղել:

«Բարեբախտաբար, սրտի հետ կապված խնդիրներ չկային: Ես ինքս եմ չորս տարի առաջ ստենտավորել Նարեկ Դուրյանի սիրտը, ու հիմա վստահորեն ասում եմ, որ այդ առումով խնդիր չկա»,- ասաց սրտաբանը:

Ավելի վաղ ԱՌԿԱ Style-ը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 25-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «Կոմա Նոստրա» ներկայացման ժամանակ դերասան Նարեկ Դուրյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր:

Նշենք, որ հիշյալ ներկայացումը սկսվում էր շտապօգնության մեքենայի ձայնով, ներկայացվում է` իբր Նարեկ Դուրյանին տեղափոխել են հիվանդանոց: Ու ներկայացման ընթացքում դերասանի ինքնազգացողությունն իսկապես վատացավ, բայց նա շարունակում էր խաղալ:

Ներկայացման կեսին դերասանն ասաց, որ սիրտը ցավում է, ու ընդմիջում խնդրեց: Րոպեներ անց հայտարարվեց, որ դերասանի ինքնազգացողությունը շատ վատ է, և ներկայացումն ընդհատվում է: Նարեկ Դուրյանին տեղափոխեցին «Մալաթիա» բժշկական կենտրոն: Իսկ ներկայացումը հետաձգվեց:

Այսօր դերասանի մենեջեր Քրիստինա Հովհաննիսյանը ԱՌԿԱ Style-ի թղթակցի հետ զրույցում ևս հաստատեց, որ դերասանի ինքնազգացողությունն արդեն լավ է:

«Նարեկ Դուրյանն իրեն գերազանց է զգում, երեկ, դուրս գրվելով հիվանդանոցից, արդեն անցել է աշխատանքի, հանդիպումներ է ունեցել»,- ասաց Քրիստինա Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ իրենք հայցում են հանդիսատեսի ներողամտությունը և հրավիրում նրանց հոկտեմբերի 25-ի ընդհատված ներկայացումը հոկտեմբերի 29-ին դիտելու: Նրա խոսքով` պետք է պարզապես նախօրոք տոմսերը ներկայացնել դրամարկղ՝ դրանք փոխելու կամ գումարը հետ վերադարձնելու համար: -0-