ArmStyle

Հոկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի  ունեցավ Ռուսաստանի ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, Միջազգային բարեգործական հիմնադրամի նախագահ Յուրի Ռոզումի հոբելյանական համերգը, որով երաժիշտը կնշի իր 60-ամյակը:

«Ես պատահական չեմ ընտրել հենց Երևանը, քանի որ ուղիղ 40 տարի առաջ Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ իմ ամենաառաջին մենահամերգը: Երևանի հետ շատ ջերմ զգացմունքներ են կապված, չէ՞ որ առաջին համերգը, ինչպես առաջին սերը, երբեք չի մոռացվում», — ասաց Ռոզումը մամուլի ասուլիսի ժամանակ:

Համերգի ժամանակ հնչել են գրեթե նույն ստեղծագործությունները, որոնք նա նվագել է իր առաջին համերգի ժամանակ` Ռոխմանինովի և Շոպենի ստեղծագործությունները: Համերգի առաջին մասում Ռոզումին հոբելյանի կապակցությամբ շնորհավորել են նրա ընկերները, որոնց թվում` Խաչատրյանի անվան տրիոն և սոպրանո Հասմիկ Թորոսյանը: 

Երաժիշտը պատմեց նաև իր հիմնադրամի գործունեության մասին` նշելով, որ հետագայում նախատեսում է համագործակցել Հայաստանի մշակույթի նախարարության հետ և կապեր հաստատել տեղի երաժշտական հաստատությունների հետ:

«Դուք այնքան լավ կատարողական դպրոց ունեք` և դաշնամուրի, և ջութակի, որ մեր հիմնադրամի պատանի տաղանդների և հայ երաժիշտների միջև փոխգործակցությունը շատ հետաքրքիր կլինի: Միակ խնդիրը ժամանակի պակասն է, քանի որ ես բավականին հագեցած աշխատանքային գրաֆիկ ունեմ»:

Համերգը կազմակերպվել էր Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ: -0-