ArmStyle

ՅՈՒՆԻՍԵՖ–ի` Երեխայի իրավունքների կոնվենցիայի 25–ամյակին նվիրված արշավի շրջանակում հայ աստղերը կատարել են Ջոն Լենոնի` մանիֆեստ դարձած Imagine երգը։ 

Երեխայի իրավունքների կոնվենցիայի 25–ամյակի կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ–ն այս տարի #IMAGINE («Պատկերացրեք») արշավ է մեկնարկել։ Արշավի ընթացքում մի քանի տասնյակ ամերիկացի աստղեր երաժշտական ֆլեշմոբ են կազմակերպել, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ։ Ընդհանուր հասանելիություն ունեցող յուրաքանչյուր տարբերակ կդառնա «Imagine» նոր ռեմիքսի մասը, որը կթողարկի Նոր տարվա նախաշեմին Դևիդ Գետտան։ Հայտնի ֆրանսիացի դիջեյն ու պրոդյուսերը խոստանում է հնարավորություն գտնել և նույն երգում միավորել բոլոր ձայնագրությունները, «թեկուզ դրանց թիվը հասնի 10 միլիոնի»։ 

Տեսահոլովակի հայկական տարբերակի շնորհանդեսը կայացել է դեկտեմբերի 19-ին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի գրասենյակի գործունեության 20–ամյակի տոնակատարության ընթացքում։ 

ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը հայտնեց, որ հայկական տարբերակը նույնպես կընդգրկվի Դևիդ Գետտայի` «Imagine»–ի ընդհանուր բազմալեզու տարբերակում։ 

Ըստ նրա, հայկական տարբերակի ձայնագրմանը մասնակցել են հայտնի հայ կատարողներ, որոնց թվում են Բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը, ռոք երգիչ, Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը, երգիչ Տիգրան Պետրոսյանը, օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը, ավանգարդային երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կոլեկտիվը։ 

#IMAGINE ընդհանուր հեշթեգով արշավի գործարկման թույլտվությունը ՅՈՒՆԻՍԵՖ–ը ստացել է Լենոնի այրի Յոկո Օնոյից։ Ինտերակտիվ հոլովակի տեսագրությանն արդեն մասնակցել են Քեթի Փերին, Նիկոլ Շերզինգերը, Իդրիս Էլբան, Իդրիս Էլբան, will.i.am–ը, Քորթնի Քոկսը, Ռումեր Ուիլիսը, Դևիդ Արքեթը և շատ այլ երաժիշտներ ու կինոաստղեր։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես միացել է այս արշավին և երգել է երգչախմբի ուղեկցությամբ։ Բացի այդ, հոլովակում օգտագործվել են հենց Լենոնի մասնակցությամբ բնօրինակ հոլովակի դրվագներ։ 

Ֆլեշմոբին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք։ Դրա համար բավական է ձայնագրել սեփական քավեր–տարբերակը` օգտագործելով iOS–ի հատուկ հավելվածը։ Հավելվածում կարելի է դիտել նաև ողջ աշխարհի օգտատերերի նկարահանած հոլովակները։ -0-