«Վերածնունդ» VII միջազգային երաժշտական մրցույթ–փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ապրիլի 15–ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հայտարարեց փառատոնի հիմնադիր և համանախագահ Կարինե Ավդալյանը։

«Այս տարի փառատոնին կմասնակցեն 36 երկրի երաժիշտներ։ Փառատոնն արդեն այնքան հայտնի է, որ պատանի կատարողներն ու անվանի երաժիշտներն իրենք են հայտեր ներկայացնում։ Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկվելու հայտ են ներկայացրել 20 երկրի 85 հայտնի երաժիշտներ»,–ասաց Ավդալյանը։ 

Նրա խոսքով`  ժյուրիի անդամները նաև վարպետության դասեր կանցկացնեն և համերգներ կունենան Երևանում և Գյումրիում։

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին բարձր գնահատեց մեր երկրում նման միջոցառում անցկացնելու փաստը։

«Սա կայացած փառատոն է, որի անվանումն այս տարի բոլորովին այլ կերպ է ընկալվում, քանի որ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության հայուրամյա տարելիցը։ Այս փառատոնի շնորհիվ մենք բացահայտում ենք տաղանդավոր երեխաներին և նրանց ներկայացնում աշխարհին»,–ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` փառատոնը նաև բարձր բարոյական նշաձող է սահմանել, քանի որ այս տարի «Վերածնունդ» փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70–ամյակին։

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 2.8 հազար երաժիշտ` 36 երկրից։ Նրանք կմրցեն 14 անվանակարգում` դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ժողովրդական գործիքներ, կամերային անսամբլ և այլն։

Մրցույթ–փառատոնն ացկացվում է հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո

«Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ–փառատոնն անցկացվում է 2009 թվականից։ Հիմնական նպատակն է դասական, էստրադային և ազգային արվեստ քարոզելը, տարբեր ազգերի երաժիշտ–կատարողների միջև ստեղծագործական և բարեկամական հարաբերություններ հաստատելը, ինչպես նաև օտարերկրյա արվեստի գործիչներին Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը ծանոթացնելը։ Փառատոնը երիտասարդներին դրսևորվելու և սեփական հնարավորությունները ճանաչելու հնարավորություն է տալիս։

«ԱՌԿԱ Style»–ը փառատոնի տեղեկատվական հովանավորն է։ -0-