ArmStyle

Genealogy խմբի մասնակից, Եթովպիայից ժամանած Վահե Թիլբյանը ներկայացրել է Face the Shadow (Առերեսվիր ստվերի հետ) երգի cover տարբերակը` Youtube–ի իր պաշտոնական ալիքում։

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի` մայիսի 23–ին կայանալիք եզրափակիչ փուլում հանդես կգա վեցերորդ համարի ներքո։ Խումբը մրցույթին կներկայացնի Face the Shadow (Առերեսվիր ստվերի հետ) երգը։

Genealogy–ն բաղկացած է վեց մասնակցից, որոնք ներկայացնում են Հայաստանն ու հինգ մայրցամաքները։ Եվրոպան ներկայացնում է ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը (Essaï), երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian) և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Կարգախոսը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլի» միջոցով միավորվում են մշակույթներն ու լեզուները։ 

«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցկացվել են մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը նախատեսված է մայիսի 23–ին։ -0-