ArmStyle

Հայտնի երգիչ և կոմպոզիտոր Վահան Արծրունին վերջին երկու տարում շուրջ 60 համերգ է ունեցել երաժշտական տարբեր ակումբներում և երկամյա գործունեությունն ամփոփում է իր 14-րդ ալբոմով, որ կոչվում է «LIVE 2014»։

Երաժիշտը լրագրողներին պատմեց, որ մեկ ալբոմում մեկտեղել է հին ու նոր ստեղծագործությունները համերգային հինգ ձևաչափով` ակուստիկ զուգերգից, կամերային կատարումից ընդհուպ մինչև գործիքային պրոգրեսիվ ռոք։

«Իհարկե, այսօր արդեն այնքան էլ արդիական չէ ձայնասկավառակ թողարկելը, քանի որ ամեն ինչ հասանելի է համացանցում։ Ալբոմը ներկայացնելը զուտ խորհրդանշական բնույթ ունի, հետագայում այն հասանելի կլինի համացանցում։ Ձայնասկավառակը թողարկվել է 100 օրինակով»,– ասուլիսի ժամանակ ասաց Արծրունին։

Երաժիշտը պատմեց, որ ալբոմը պաշտոնապես կներկայացվի դեկտեմբերի 7-ին MEZZO ակումբում նախատեսված համերգի ընթացքում։

«Համերգին կմասնակցեն նաև իմ երաժիշտ ընկերները։ Կհնչեն ստեղծագործություններ, որոնք ես վերջին ամիսների ընթացքում նվագել եմ մեծ համերգների ժամանակ»,– ասաց Արծրունին։

Երաժիշտը նշեց, որ համերգը մասամբ նվիրված կլինի Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցին։

Հետագա ծրագրերի մասին խոսելիս` Արծրունին պատմեց, որ ինչպես հայ երաժիշտների մեծ մասը, ինքը նույնպես պատրաստվում է 2015 թվականին անդրադառնալ Հայոց ցեղասպանության 100 ամյակին։

«Իհարկե, բոլոր հայ երաժիշտները կստեղծագործեն այդ համատեքստում։ Ես երկու խոշոր կամերային նախագիծ եմ ծրագրել»,– ասաց երաժիշտը` առանց մանրամասներ նշելու։ -0-