ArmStyle

Հոկտեմբերի 18-ին Հայաստանում Ռուսական խոսքի օրերի շրջանակում տեղի է ունեցել «Տերեմ-քառյակ» աշխարհահռչակ երաժշտական կոլեկտիվի համերգը: Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինը մեծ տոն է համարել «Տերեմ-քառյակ» լեգենդար կոլեկտիվի այցը Երևան:

«Մեզ հաճելի է, որ յոթերորդ անգամ Հայաստանում անցկացվող Ռուսական խոսքի օրերի մշակութային ծրագրում ներառված է նաև աշխարհահռչակ կոլեկտիվը: Քառյակի հետ միասին ելույթ կունենա Մարիինյան թատրոնի մեներգչուհի Օքսանա Շիլովան», — ասաց Կալինինը համերգից առաջ: 

Նա նշեց, որ քառյակի առաջին համերգը տեղի է ունեցել Երևանում 2011 թ.-ին, սակայն արտիստները շատ են սիրում Երևանը և ուրախությամբ համաձայնեցին կրկին այցելել:

Սանկտ Պետերբուրգի «Տերեմ-քառյակ» ռուսական ժողովրդական գործիքների կոլեկտիվը դասական crossover ոճի ստեղծագործություններ է կատարում: Համույթի համերգացանկը ներառում է դասական և ժամանակակից երաժշտության ավելի քան 500 ստեղծագործություններ, որոնք երաժիշտներն, ասես, վերստեղծել են:

Այժմ քառյակի կազմում ընդգրկված են Անդրեյ Կոնստանտինովը (փոքր դոմրա), Անդրեյ Սմիռնովը (բայան), Միխայիլ Ձյուձեն (բալալայկա-կոնտրաբաս), Ալեքսեյ Բարշչյովը (դոմրա-ալտ):

«Տերեմ-քառյակի» կատարողներից մեկը՝ Անդրեյ Սմիռնովը համերգից հետո համաձայնեց պատասխանել «ԱՌԿԱ Style»-ի մի քանի հարցերի:

— Ինչպե՞ս ստեղծվեց համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները, այսպես-ասած, «ռուսականացնելու» գաղափարը:

Սմիռնով — Մենք պրոֆեսիոնալ երաժիշտներ ենք, սովորել ենք կոնսերվատորիայում, դասական կրթություն ունենք: Մենք ստիպված ենք փոփոխել ստեղծագործությունները, քանի որ անհնար է ռուսական ժողովրդական գործիքներով բնօրինակով կատարել Մոցարտի, Բախի, Շուբերտի և ուրիշ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Դա բավականին ծիծաղելի կլիներ:
Դրա համար մշակվում են տարբեր հնարքներ, պատմություններ: Մեզ մոտ տեղի է ունենում գլոբալիզացիա` ռուսական ձևով: Մենք համաշխարհային դասական երաժշտությունը ռուսական ենք դարձնում: Ռուսական հողի վրա այն սկսում է նորովի հնչել: Ռուսական ենք դարձնում Բախին, Շուբերտին: Նրանց երաժշտությունը նոր իմաստ է ստանում: 

— Չե՞ք նախատեսում ադապտացնել հայ դասականներին:

Սմիռնով — Մենք պատրաստվում ենք հաջորդ տարի կամ երկու տարի անց կրկին այցելել Երևան: Եվ այդ ժամանակ անպայման որևէ բան կպատրաստենք: Արդեն կատարել ենք ժամանակակից հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունը, որը նա հատուկ գրել էր «Տերեմ-քառյակի» և երգեհոնի համար:
Այն գրվել էր Վերա Թարիվերդիևայի փառատոնի համար: Դա Երևանի, Փարիզի և Սանկտ Պետերբուրգի միջև ինքնատիպ կամուրջ էր:

— Դուք նվագել եք բազմաթիվ քաղաքներում և երկրներում, ամենատարբեր լսարանի առջև: Ինչպե՞ս եք գնահատում հայ ունկնդրին:

Սմիռնով — Հայ ունկնդիրը շատ ուշադիր է, կրթված, խելացի, հասկացող, խորը վերլուծող: Հայ հանդիսատեսը զգայուն և միաժամանակ ինտելեկտուալ է, այսինքն՝ այն միավորում է ինտելեկտը, հոգին և կիրքը: Հայաստանում ունկնդրելու շատ բարձր կուլտուրա կա:

Երևանում մենք երկրորդ անգամ ենք, սակայն ժամանակը շատ քիչ է: Մենք ոչինչ չենք հասցրել: Չենք հասցրել նայել, թե ինչպես է փոխվել Երևանը, սակայն ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում դրական փոփոխություններ տեղի ունենան, որպեսզի դուք ապրեք ազատ և հարուստ երկրում…

«Տերեմ-քառյակը» վաղուց դարձել է Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի խորհրդանիշը: Համույթը համարվում է «քաղաքի այցեքարտը», նրան դասում են միևնույն շարքում Էրմիտաժի, Մարիինյան թատրոնի, Ռուսական թանգարանի հետ: Առավել հիշվող են «Տերեմ-քառյակի» ելույթները Վատիկանում 120 հազարանոց լսարանի, Հռոմի Հովհաննես Պողոս II Պապի և Մայր Թերեզայի առջև, 2014 թ.-ին Սոչիում կայացած Օլիմպիադայի ժամանակ: «Տերեմ-քառյակն» արժանացել է բազմաթիվ կոչումների և մրցանակների: Շուրջ 27 տարվա գործունեության ընթացքում քառյակը ունեցել է ավելի քան 3000 համերգ, ելույթ է ունեցել աշխարհի 60 երկրներում, մասնակցել է 65 փառատոնների: 

Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսական խոսքի օրերն անցկացվում են հոկտեմբերի 15-22-ը «Ռուսաց լեզվով մենք միաhյուսված ենք ապագային» նշանաբանի ներքո և նվիրված են Մ.Յու.Լերմոնտովի ծննդյան 200 և Ա.Ա.Ախմատովայի ծննդյան 125-րդ հոբելյաններին: -0-