ArmStyle

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող  Genealogy խմբի անդամ Թամար Կապրելյանը երաժշտական անակնկալ է պատրաստել. հավատարիմ մնալով «Եվրատեսիլի» այս տարվա «Կառուցելով կամուրջներ» կարգախոսին` հայ մասնակիցները նոր կամուրջ են կառուցում մրցույթի մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ:

Genealogy խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաև Ալբանիայի (Էլհաիդա Դանի), Էստոնիայի (Էլինա Բորն) և Հունաստանի (Մարիա-Ելենա Կիրիակու) ներկայացուցիչները մայիսի 16-ին ձայնագրել են նոր` The Otherside («Մյուս կողմը») երգը, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է: 

«Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետեւ այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք, բայց երաժշտությունը մեծ և ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները և փակում առկա ճեղքերը: Հուզմունքս և պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»,- ասում է երգի հեղինակ Թամար Կապրելյանը:

Երգը խաղաղության և միասնության կոչ է, ինչպես նաև յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին: 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ 

Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում` երկրորդ համարի ներքո: -0-