ArmStyle

Ապրիլի 23–ի երեկոն ընդմիշտ կմեխվի ոչ միայն աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի երկրպագուների, այլև բոլոր երևանցիների հիշողության մեջ։ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության արդյունքում Երևանը հայտնվեց այն նույն ցանկում, որում ներառված են Լոնդոնը, Քյոլնը, Լիոնը, Ամստերդամը, Մոսկվան. հենց այս քաղաքներում է System of a Down խումբը հավաքել իր բազմահազար երկրպագուներին և «պայթեցրել» դահլիճները։

Այն, ինչ ապրիլի 23-ին տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում տեղատարափ անձրևի տակ, չի կարելի պարզապես համերգ անվանել։ Ցեղասպանության տեսարաններ վավերացրած լուսանկարներն ու  տեղեկատվությունը, որոնք պարբերաբար հայտնվում էին հսկայական էկրանների վրա, էներգիայով հագեցած երգերը էլեկտրական լիցքեր էին հաղորդում հրապարակում հավաքվածներին` կրքերը շիկացնում, հասցնում անհավանական գագաթնակետի։

SOAD–ն իր երաժշտության մեջ օգտագործում է հայկական ազգային երաժշտության ողջ առանձնահատկությունն ու հմայքը` հմտորեն զուգադրելով հարդ–ռոքի, օպերայի, ռեգգիի, բալլադի, ֆոլքի հետ։ Հենց այս անսպասելի, անասելի և անհավանական անցումներն են, որ ստիպում են մի պահ շունչը պահել, իսկ հաջորդ վայրկյանին նետվել երաժշտական հնչյունների բուռն հոսանքի մեջ։ System of a Down–ի երգերից յուրաքանչյուրն առանձին պատմություն է` գրավիչ մեկնարկով և միշտ անսպասելի հանգուցալուծմամբ։ 

Ինչպես նշում են քննադատները, «System of a Down–ի երգերի ֆոլկլորային հատվածները ոչ միայն հայկական երաժշտության տարրեր ունեն, այլև դրանք որոշակի համամարդկային ժողովրդական երգեր են, միավորման գեն, հավերժ խնջույքի, հավերժ հարսանիքի և հավերժ հոգեհացի ելևէջներ»։ Ավելի դիպուկ բնորոշում երևի հնարավոր չէր տալ։ System of a Down–ին հաջողվել է հայկական երաժշտությունը բարձրացնել այլ մակարդակի, դարձնել նաև աշխարհահռչակ` ներկայացնելով այն նորովի, սակայն պահպանելով հիմնական ազգային բնութագիրը։

Սերժ Թանկյանը չի վախենում պահանջել, որ ոչ միայն Թուրքիան` այս մեծագույն հանցագործության անմիջական կատարողը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլև` մյուս երկրները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստել կամ չեն միջամտել մի ողջ ժողովրդի ոչնչացման հրեշավոր դավադրության իրագործմանը։ 

Համաշխարհային շրջագայության նախաշեմին վերամիավորված SOAD խմբի առաջին համերգը (2006թ.–ին System of a Down–ի մասնակիցները որոշել են ժամանակավորապես դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել մենահամերգային գործունեությամբ) ցնցող հաջողություն ունեցավ։ Խմբի երկրպագուները սկսել էին հավաքվել համերգի մեկնարկից դեռ 12 ժամ առաջ. քաղաքապետարանի շենքին հարող տարածքը ճամբար էր հիշեցնում։ Որոշ ժամանակ անց երկրպագուներն այլևս չդիմացան, նրանք անցան ոստիկանների արգելապատնեշի վրայով և ներխուժեցին հրապարակ, որտեղ պետք է կայանար համերգը։ 

Սակայն երկրպագուներին նոր «արգելապատնեշ» էր սպասվում` հորդառատ ու չդադարող անձրևը։ Թվում էր, թե սա պիտի տխրեցներ հավաքվածներին, սակայն երկնքից թափվող ջրի շիթերն ասես ավելի էին միավորում երկրպագուներին, և հրապարակը ցնծաց միասնական պոռթկումից։ Երաժշտությունից ու անձրևից խենթացած երիտասարդները բարձրացրին թաց ձեռքերն ու բռունցքները և ինքնամոռաց պարեցին ջրափոսերի մեջ։ 

Ամփոփելով SOAD–ի երևանյան շոուն` կարելի է ասել, որ նրանց հաջողվեց «արթնացնել» ոչ միայն մայրաքաղաքի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց «հոգիները», այլև` բոլոր նրանց, ովքեր լսում էին նրանց ելույթը հեռուստացույցի էկրանների դիմաց նստած և հետևում համերգին ուղիղ եթերով։ Ուզում ենք հավատալ, որ «Wake Up The Souls»–ը ոչ միայն կարթնացնի, այլ կփրկի ողջ աշխարհի մարդկանց հոգիները բռնությունից և անհանդուրժողականությունից, ինչի դեմ պայքարում է System of a Down-ն արդեն գրեթե քսան տարի։

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ։ -0-