ArmStyle

Երևանյան իր ելույթից մի քանի ժամ առաջ Սոսո Պավլիաշվիլին լրագրողներին պատմեց համերգային ծրագրի, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և այն մասին, թե ինչն է օգնում իրեն ապրել և աշխատել:

«Երկինքն ափի մեջ»

Երգչի երևանյան համերգի ծրագիրը կոչվում է «Երկինքն ափի մեջ»: Պավլիաշվիլին երկար չի մտածել և համերգը կոչել է իր երգերից մեկի անունով:

«Համերգի ընթացքում կհնչեն հին ու նոր երգեր: Ես ընտրել եմ հենց այդ երգի անվանումը, որովհետև այն բոլորին դուր է գալիս»,- ասաց Պավլիաշվիլին:

Նա հայտնեց, որ անպայման կկատարի «Երևան» երգը, որը շատ սիրված է Հայաստանում:

«Դա իմ երգն է: Մենք այն գրել ենք Ավետ Բարսեղյանի հետ, նա է հրաշալի բառերի հեղինակը: Ես նրան ասացի, թե ինչի մասին կուզեի, որ երգը լիներ: Իսկ երաժշտությունը ես եմ գրել ինքնաթիռում, երբ գալիս էի Մոսկվայից Երևան»,- պատմեց Պավիաշվիլին:

Երգը երգչի անսահման սիրո խոստովանությունն է Հայաստանին և Երևանին:

Համերգի ընթացքում նաև երգի պրեմիերա կլինի, որը կկատարի Սոսո Պավլիաշվիլի-Նունե Եսայան դուետը:

Պավլիաշվիլին և Հայաստանը

Երգիչը խոստովանեց, որ մեր երկիրը սիրելու բազմաթիվ պատճառներ ունի:

«Մեր գենետիկան մոտ է, մենք հարևաններ ենք, ունենք նմանատիպ մտածողություն: Ուր էլ գնամ, ինձ ամենուր հայեր են դիմավորում: Ընդունում են հարազատի պես»,- ասաց Պավլիաշվիլին:

Նա ասաց, որ ընկերություն է անում հայ բազմաթիվ երաժիշտների` Թաթա Սիմոնյանի, Արամոյի, Նունե Եսայանի, Անչոկի հետ:

Հայոց ցեղասպանության մասին չի կարելի մոռանալ և լռել

Երգիչը հրաժարվեց մեկնաբանել այն փաստը, որ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ: Վրաստանն ունի իր քաղաքական հայացքները: Ես՝ որպես Ռուսաստանի քաղաքացի, դրանք չեմ մեկնաբանում»,- ասաց Պավլիաշվիլին:

Երգիչը նշեց, որ եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, և, ըստ նրա, Ցեղասպանության մասին պետք է խոսել մշտապես:

«Դա իրադարձություն է, որի մասին պետք է բղավել, ոչ թե պարզապես խոսել, որպեսզի երբեք նման բան չկատարվի: Եթե Ցեղասպանությունն ընդունեն բոլորը, ապա դա կլինի մարդկայնության հաղթանակը»,- ասաց Պավլիաշվիլին:

Եթե մարդիկ մոռանան, որ իրենց պապերին և տատերին կոտորել են, ապա նրանց թոռներին կոտորելու նախադրյալներ կստեղծվեն»,- կարծում է երգիչը:

«Ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ, ոչ մի դեպքում չի կարելի լռել»,- նշեց նա:

Պավլիաշվիլի. «Ես պարտական եմ Աստծուն և ծնողներիս»

Երգիչը կարծում է, որ իր ունեցածի և ձեռքբերումների համար պարտական է միայն Աստծուն և իր ծնողներին:

Նա վստահ է, որ Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մարդը կարողանա վերաիմաստավորել իր կյանքը:

«Աստված իմ սրտում է: Հույս ունեմ` երբ նա ինձ տանի իր մոտ, կասի` սկզբունքորեն դու հավատացյալ մարդ էիր»,- ասաց Պավլիաշվիլին: -0-