ArmStyle

Երեկ Երևանում ելույթ ունեցավ «Շողակն» համույթը, որի մենակատար Հասմիկ Հարությունյանը պատմեց, թե ինչու է կարևոր պահել և պահպանել հայկական ժողովրդական երաժշտությունը, ինչպես նաև խոսեց այն մասին, թե որն է իրենց համույթի ասելիքը։ 

««Ֆոլկ» բառը հենց այդպես էլ թարգմանվում է` «ժողովրդական իմաստություն»։ Կյանքի փորձի և գիտելիքների շնորհիվ մենք այն փոխանցում ենք հանդիսատեսին», – ասաց Հարությունյանը։ 

Նրա խոսքով` իրենց համերգն ու համերգային գործունեությունը ողջ աշխարհին ուղղված ուղերձ է այն մասին, որ մենք` հայերս, ապրելու ենք մեր բազմադարյա մշակույթով։ «Ժողովրդական երաժշտությունն այն երևույթն է, այն գիտելիքը, որը մենք պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին։ Որտեղ էլ ապրեն հայերը, աշխարհի որ անկյունում էլ հայտնվեն, այդ երաժշտությունը գլուխը բարձր պահելու հնարավորություն է տալիս նրանց։ Այդ մշակույթը կրող երիտասարդների համար որևէ արգելք չկա», – ասաց Հարությունյանը։ 

Ըստ նրա` այս անկայուն աշխարհում արժանավայել ապրելու հնարավորություն են տալիս հույսը, սեփական մշակույթի նկատմամբ սերն ու անպատասխան հավատարմությունը, ինչը թույլ է տալիս նյութականի պատճառով չհրաժարվել հոգևորից։ 

«Շողակն» համույթը ստեղծվել է 1995թ.–ին։ Համույթի կազմում հանդես են գալիս Գևորգ Դաբաղյանը, Հասմիկ Հարությունյանը, Կարինե Հովհաննիսյանը, Լևոն Թևանյանը, Վարդան Բաղդասարյանը, Ալեքսան Հարությունյանը, Կամո Խաչատրյանը, Գրիգոր Թաքուշյանը։ Երաժիշտները դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն և հայկական ուրիշ այլ ազգային գործիքներ են նվագում։ 

Համույթի մասնակիցները աշխարհին են ներկայացնում պատմական Հայաստանի տարբեր շրջանների երաժշտությունը և իրենց առաքելությունն են համարում Կոմիտասի ավանդույթները պահպանելն ու դրանք հաջորդ սերունդներին փոխանցելը։ 

Համույթը համերգներ է ունեցել ԱՊՀ–ի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի երկրներում և ԱՄՆ–ում։ «Շողակնը» մի քանի ձայնասկավառակ է թողարկել, որոնք մի շարք հեղինակավոր մրցանակների են արժանացել։ 

«ԱՌԿԱ Style»–ը համերգի տեղեկատվական հովանավորն է։ 

Լուսանկարները կարող եք դիտել այստեղ։ -0-