ArmStyle

Ուրբաթ երեկոյան կայացել է «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպիչների անցկացրած միջոցառումների շարքի երկրորդ համերգը, որը նվիրվել էր Օսմանյան կայսրությունում Հայեց ցեղասպանության 100-ամյակին:

Համերգն անցկացվել է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը: Հայտնի ռուս երաժիշտներ Իգոր Ֆյոդորովը (կլարնետ), Դենիս Շապովալովը (թավջութակ) և Եվգենի Բրախմանը (դաշնամուր) Հայաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի հետ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ մայրաքաղաքի ունկնդիրներին են ներկայացրել մի մեծ ծրագիր, որով նախօրեին ելույթ են ունեցել Գյումրիում:

«Սա ծավալուն ծրագիր է, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 30-ին Գյումրիում: Առաջին համերգից ունեցած տպավորություններն ինչպես լսարանի, այնպես էլ երաժիշտների համար ամենալավն են: Մենք մտադիր ենք շարունակել նախագիծը մինչև հաջորդ դեկտեմբեր: Հաջորդ երաժշտական երեկոն մտադիր ենք անցկացնել այս տարվա դեկտեմբերին ղազախ երաժիշտների հետ համատեղ»,- ասաց «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի նախագահի տեղակալ Աշոտ Պետրոսյանը:

«ԱՌԿԱ Style»-ի հետ զրույցում կլարնետահար Իգոր Ֆյոդորովը նշեց, որ Հայաստանում է արդեն երրորդ անգամ, ինչպես նաև կիսեց Գյումրիի համերգի տպավորությունները:

«Լսարանը հիանալի էր, թեև դահլիճում շատ ցուրտ էր: Բոլորս արեցինք առավելագույնը: Հանդիսատեսը գոհ էր, և դա ամենակարևորն է: Միշտ ուրախությամբ եմ ելույթ ունենում հայ ունկնդրի առջև, որովհետև այն շատ էմոցիոնալ է»,- ասաց երաժիշտը:

Թավջութակահար Դենիս Շապովալովը խոստովանեց, որ երաժիշտները գործնականորեն առաջին անգամ էին բարձրանում բեմ Գյումրիում:

«Այնպես ստացվեց, որ մենք ընդհանրապես փորձի ժամանակ չունեինք: Այդ իմաստով, մենք, անշուշտ, հերոսներ ենք: Շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ուրախություն պարգևել և լսարանին, և մեզ»,- ասաց Շապովալովը:

Այնուամենայնիվ, երևանյան համերգը չզիջեց Գյումրիի դեբյուտին և անցավ ջերմ մթնոլորտում: Երեկոյի ընթացքում հնչեցին, հիմնականում, օտարերկրացի կոմպոզիտորների էստրադա-ջազային ստեղծագործություններ:

«ԱՌԿԱ Style»-ը համերգների տեղեկատվական հովանավորն է:

Գյումրիի համերգի ֆոտոժապավենը` այստեղ:
-0-