ArmStyle

Ռուս երաժիշտներ Իգոր Ֆյոդորովը (կլառնետ), Դենիս Շապովալովը (թավջութակ) Հայաստանում են` Գյումրիում և Երևանում անցկացվող համերգային նախագծի շրջանակում, որը նվիրված է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Կլառնետահար Իգոր Ֆյոդորովը նշեց, որ երաժիշտները Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, հոկտեմբերի 30-ին և 31-ին համերգներ են ունենում Գյումրիում և Երևանում, սակայն սա ամենը չէ, ինչ իրենք կցանկանային անել Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:  

«Իհարկե, այն, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ հայ ժողովրդի հետ, ողբերգություն է: Ես շատ կցանկանայի այդ առիթով ոչ միայն այս համերգը տալ, այլ նաև ներկայացնել ավելի հարմար ստեղծագործություն, օրինակ՝ Մեսսիանի կոնցերտը: Հուսով եմ, որ ես նման հնարավորություն կունենամ ապրիլին», — ասաց երաժիշտը:

Միաժամանակ «Վերածնունդ» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը, ով համերգների կազմակերպիչն է, նշեց, որ Գյումրիում և Երևանում երաժշտական երեկոներ անցկացնելու նախաձեռնության հեղինակները «Վերածնունդ» փառատոնի կազմակերպիչներն են:

«Մոտենում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և մենք որոշեցինք կազմակերպել նման համերգաշար, որը կտևի մինչև 2015 թ.-ի դեկտեմբեր: Նախատեսում ենք այդ ծրագրում ներառել աշխարհի տարբեր երկրների հայտնի երաժիշտների, ինչպես նաև համերգներ կազմակերպել արտասահմանյան մի շարք քաղաքների բեմերում, որտեղ շատ հայեր են բնակվում: Ամեն ամիս 1-2 համերգ կկազմակերպվի», — ասաց Պետրոսյանը:

Ջութակահար Դենիս Շապովալովն իր հերթին ևս պատրաստակամություն հայտնեց կրկին ելույթ ունենալ հայկական բեմում:
Գյումրու և Երևանի համերգներին ելույթ է ունեցել նաև հայտնի ռուս դաշնակահար Եվգենի Բրախմանը:
«ԱՌԿԱ Style»-ը համերգների ինֆորմացիոն հովանավորն է: -0-