ArmStyle

Երգչուհի, «Հայ սուպերսթար 3» մրցույթի թեհրանցի մասնակից Ռաիսա Ավանեսյանը «Հայաստանի ձայնը 3» նախագծի հաղթող է դարձել։ Ռաիսայի մարզիչը երգչուհի Սոնան էր։ Նախագծի եզրափակիչ փուլում Ռաիսան մրցում էր Վահե Ալեքսանյանի (մարզիչ` Եվա Ռիվաս), Էռնայի (Արմեն Մարտիրոսյան) և Մելինե Գալոյանի հետ (Հայկո)։ Քվեարկության արդյունքում Ռաիսան իր հակառակորդներից առաջ անցավ 39 տոկոսով։ 

Եզրափակիչ փուլում նա իր մարզիչ Սոնայի հետ երգեց Սիմոն Գլիկմանի «Stay by» երգը և փայլուն կատարեց Ռազմիկ Ամյանի «Կյանքի գինը» երգը։ «Շնորհակալություն բոլորին։ Դժվար է ինչ–որ բան ասել։ Ինձ համար հաղթանակն այն է, որ ինձ սիրեցին Հայաստանում, և որ վերջապես սփյուռքը կարողացավ ներկայացնել իր ձայնը, ինձ համար դա պատիվ է»,– ասաց Ռաիսան` չզսպելով արցունքները։ 

Ռաիսան մի շարք նվերներ ստացավ։ SAS Group–ի նվերը ներառում էր Բեյոնսեի` 2015 թվականին կայանալիք համերգի տոմսը, ավիատոմսն ու հյուրանոցային ծախսերը,  Ucom ընկերությունը Ռաիսային խոստացավ տեսահոլովակ նկարահանել, որի ռեժիսորը կլինի Ժորա Մելոյանը, Aray ընկերությունը Platinum նվեր–քարտ հանձնեց, Ararat Group–ն էլ խոստացավ առաջիկա մեկ տարվա ընթացքում երգչուհու կյանքում տեղի ունենալիք բոլոր միջոցառումներն ապահովել իր արտադրանքով, «Արմենիա» հեռուստաընկերությունն էլ տեսահոլովակ, երգ և մեկ տարվա PR խոստացավ Ռաիսային։ -0-