ArmStyle

Հինգշաբթի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել պոլսահայ երգչուհի Սիբիլի «Սեր» ալբոմի շնորհանդեսը:

Երգչուհուն մեծարելու էին եկել ինչպես նրա երկրպագուները, այնպես էլ գործընկերները, որոնց թվում էին հայտնի արտիստներ Անդրեն, Լեյլա Սարիբեկյանը, Աննա Խաչատրյանը, Արա Գևորգյանը և այլոք:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով երգչուհուն հանձնեց «Կոմիտաս» մեդալը: Երգչուհին չափազանց հուզված էր և անգամ արտասվեց, երբ մեդալը ստացավ սփյուռքի նախարարի ձեռքից, նա ընդգծեց, որ սա իր համար մեծ պատիվ է:

«Իմ առաջին ալբոմը երազանք էր ինձ համար, իսկ երկրորդը, հուսով եմ, երազանք է նրանց համար, ովքեր սիրում և հավատում են ինձ», — ասաց Սիբիլը:

Երգչուհու նախաձեռնությամբ Հայաստանում ալբոմի վաճառքից ստացված հասույթը կուղղվի Երևանի մանկատներից մեկին: 
Սիբիլը (Սիբիլ Պեկտորոսօղլու) ծնվել և ապրում է Ստամբուլում: Նա մասնագիտությամբ ֆինանսիստ է, աշխատում է Ստամբուլի բանկերից մեկում:

Նրա կատարմամբ հայկական երգերը հնչում են Թուրքիայի բոլոր առաջատար հեռուստառադիոալիքների եթերում, մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն տեղի հայերի, այլ նաև թուրքերի և օտարերկրացիների շրջանում:
Երգարվեստում իր գործունեությունը Սիբիլը սկսել է «Սուրբ Վարդանանց» երգչախմբում:

2010 թ.-ի նոյեմբերին լույս է տեսել նրա «Սիբիլ» ալբոմը, որում ներառվել են «Տեր ողորմեա», «Կիլիկիա», «Անին տեսնեմ ու նոր մեռնեմ» երգերը: Ալբոմի հիթը «Նամակ» երգն է, որի տեսահոլովակը հայերեն լեզվով հեռարձակվում է Թուրքիայի բոլոր առաջատար երաժշտական ալիքներով և հնչում է երաժշտական խանութներում: 

Սիբիլի երկրորդ «Սեր» ալբոմը ներառում է 11 հայալեզու երգ, որոնց թվում է՝ երկու դուետ Անդրեի հետ, ինչպես նաև մեկ երգ հին արամեերենով: Ալբոմի ձայնագրման գործընթացին մասնակցել է նաև դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը:

Շնորհանդեսի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-