ArmStyle

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015-ի առաջին համերգը, որը  նվիրված էր Ավետիսյանների ընտանիքի հիշատակին, հունվարի 23-ին էր` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։  Նվագախումբը հանդես եկավ 15-ամյա գերմանացի ջութակահարուհի Լառա Բոշկորի հետ։  Համերգային ծրագիրը բաղկացած էր միայն Բրամսի ստեղծագործություններից. ջութակահարուհին և նվագախումբը կատարեցին Բրամսի Ջութակի կոնցերտը և նրա գլուխգործոցը` թիվ 4 սիմֆոնիան: 

Պատանի ջութակահարուհու հիասքանչ հնչյուններն արդեն ծանոթ են հայ ունկնդրին:  Հեղինակավոր փառատոների դափնեկիրը երկրորդ անգամ է հայաստանյան բեմում: Առաջին անգամ փոքրիկ ջութակահարուհին հայ հանդիսատեսին ներկայացավ 2013-ին` 13 տարեկան հասակում: 

«Երկու տարի առաջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալիս Լառա Բոշկորը կատարեց Մոցարտի կոնցերտը և Սարասատեի «Կարմեն» ֆանտազիան: Նվագախմբի երաժիշտներն ապշել էին` լսելով, թե ինչպես է 13-ամյա երաժիշտը վստահ կատարյալ նվագում»,- լրագրողների հետ զրույցում նշեց նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանը: 

Նվագախմբի դիրիժոր Հարություն Արզումանյանի խոսքով` Լառա Բոշկորն առաջին անգամ է կատարում Բրամսի կոնցերտը. «Սա նրա համար դեբյուտ էր, իսկ Բրամսի կոնցերտը կարծես գագաթ է ջութակահարի համար»: 

Անդրադառնալով ջութակահարուհու` դեռ պատանի հասակից արդեն բազում հաջողությունների հասնելուն` Արզումանյանն ընդգծեց. «Որպես կանոն` երբ շատ պատանի հասակից են հաջողություններ ունենում, երաժիշտները կարծես այլևս չեն աճում, մնում են նույն մակարդակի վրա: Բայց Լառա Բոշկորն այդպիսին չէ: Նա երբեք գոհ չէ ինքն  իրենից, անընդհատ պարապում է ու փորձում բարձունքների հասնել: Աշխարհի նշանավոր ուսուցիչների մոտ է գնում դասընթացների: Փոքրիկ ջութակահարուհին անընդմեջ զբաղվում է ինքնազարգացմամբ: Կարծում եմ` նա կդառնա ոչ միայն աստղ, այլ մեծ երաժիշտ»:

15 տարեկանում արդեն բազմաթիվ մրցույթների հաղթող ջութակահարուհին նվագում է 4 տարեկանից: Նրա հաղթարշավն սկսվել է 7 տարեկանից. Լառա Բոշկորը բազմիցս հաղթել է Գերմանիայի ազգային երաժշտական մրցույթներում, Մեքսիկայում ավանդաբար անցկացվող Հենրիկ Շերինգի անվան միջազգային մրցույթին նա արժանացել է առաջին մրցանակի: Պատանի ջութակահարուհին նաև Կարլ Ֆլեշի և Պաուլ Հինդեմիտի անվան ջութակահարների միջազգային մրցույթների հաղթող է: 

Երբ Բելգիայում կազմակերպված միջազգային մրցույթում ջութակահարուհին գրավեց առաջին տեղը, մամուլը նրան անվանեց ֆենոմեն, որը ցուցադրեց անհավանական երաժշտականություն և հասունություն, փոքրիկ համեստ աղջնակ` մեծ լուրջ երաժշտի պրոֆեսիոնալիզմով:

Գերմանիայի կառավարությունը Լառա Բոշկորին հատուկ ջութակ է նվիրել` միջնադարյան վարպետի գործիք: -0-