ArmStyle

Դեկտեմբերի 4-8-ը Լատվիայի մայրաքաղաքում անցկացվել է «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցել է 200 կատարող 18 երկրից:

Մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են մրցանակների։

«Ես երջանիկ եմ, որ տարբեր տարիքի մեր չորս սաները հինգ մրցանակների են արժանացել։ Ընդհանուր առմամբ, մենք հաճախ ենք մասնակցում տարբեր մրցույթների և բավականին հաջող»,– ասաց Երևանի մշակույթի պետական քոլեջի, «Դո Ռե Մի» վոկալ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նադեժդա Սարգսյանը։

Նա լրագրողներին պատմեց, որ «Միջազգային հիթ» անվանակարգում Գրան պրիի է արժանացել Մերի Ավետիսյանը։ Ժյուրիի միաձայն որոշմամբ` նրան շնորհվել է նաև «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրի: 

«Ինձ հաջողվել է This is a man’s world երգով միանգամից երկու մրցանակ շահել»,– նշեց Մերին։

Նույն անվանակարգում Հովսեփ Աբրահամյանն արժանացել է 2-րդ մրցանակի և Արծաթե մեդալի:

«Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում տարբեր տարիքային խմբերում 1-ին մրցանակի և Ոսկե մեդալի են արժանացել Հարություն Մկրտչյանը և Վահագն Կարապետյանը։

«Ինձ համար կարևոր էր մասնակցել մրցույթին` մեծ բեմում ելույթի փորձ ունենալու համար»,– ասաց Հարությունը։

Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ և «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը նշեց, որ մրցույթի մասնակիցների հետ հանդիպեց Ռիգայի քաղաքապետը, ինչպես նաև վոկալիստները կարողացան մասնակցել տարբեր վարպետության դասերի, ներկայացնել իրենց խոհանոցը և մշակույթը։

«Մենք եղանք քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը հայկական տարազով և գրավեցինք բոլոր ներկաների և մամուլի ուշադրությունը»,– ասաց Կիրակոսյանը, ով նաև մրցույթի միջազգային ժյուրիի անդամ էր։ -0-