ArmStyle

Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանին հանդիսատեսը սովոր է բեմում տեսնել «Արձագանք» խմբի հետ միասին։ Ամռան առաջին կիրակին բացառություն էր. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 7-ին Արտավազդ Բայաթյանը բեմում էր միայնակ։ Համերգը կրում էր «Արևոտ կիրակի» խորագիրը։  

Օրն ու խորագիրը պատահաբար չէին ընտրված. «Հունիսի 7-ը ամռան առաջին կիրակի օրն է, ես էլ «Արևոտ կիրակի» երգ ունեմ, որը նոր չէ, բայց համերգի ընթացքում հնչեց նոր գործիքավորմամբ։ Բավականին շատ նոր երգեր էի գրել, ուզում էի դրանք ներկայացնել որպես հեղինակ-կատարող, ոչ թե խմբով։ Տեքստեր են, որ ուզում էի զրույցի վերածել ու խոսել հանդիսատեսի հետ»,- «ԱՌԿԱ style»-ի հետ զրույցում նշեց Արտավազդ Բայաթյանը։ 

Համերգի սկզբում հնչեց Վիվալդիի «Ամառը», այնուհետև բեմ բարձրացավ Արտավազդ Բայաթյանը՝ իր «Աննկատ անցան ժամանակները» երգով։

Համերգի ընթացքում երգիչ-երգահանը մտերմիկ մթնոլորտ էր ստեղծել հանդիսատեսի հետ. հին ու նոր երգերին զուգահեռ անեկդոտներ էր պատմում, զրուցում, իր երգերի նախապատմությունը ներկայացնում…

Երաժիշտների նվագակցությամբ Արտավազդ Բայաթյանը կատարեց շուրջ 20 երգ` ինչպես հին, այնպես էլ դեռևս չհնչած՝ «Ես ուրիշ ցեղից եմ», «Այդպես պատահեց», «Երբ», «Մենախոսություն» և այլն: Իսկ «Արձագանք» համույթի ամենահայտնի «Ծնունդդ շնորհավոր թող լինի այսօր» երգի ընթացքում երգչին ձայնակցում էր ողջ դահլիճը։ 

«ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում երգիչ-երգահանը նշեց, որ այսուհետ ելույթ է ունենալու միայնակ. «Եկել է մի տարիք, որ ուզում եմ միայնակ խոսել հանդիսատեսի հետ, դա ավելի ճիշտ եմ համարում։ Հիմա իմ ասելիքը պետք է իմ կողմից լինի։ Խմբով հնարավոր չէ հաղորդակցվել հանդիսատեսի հետ, պետք է որպես անհատ հաղորդակցվել»։ 

Համերգին ներկա ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը «ԱՌԿԱ Style»-ին խոստովանեց, որ համերգների շատ չի գնում. «Արտավազդ Բայաթյանի համերգին չգալ չէի կարող, դեռ երիտասարդության տարիներից լսում եմ նրա երգերը։ Համերգի ողջ ընթացքում հիշեցի իմ երիտասարդությունը, կային երգեր, որոնց ներքո պարել եմ ամուսնուս՝ Յուրայի հետ… Իր երգերի միջոցով նա մեծ փիլիսոփայություն է հաղորդում, ասում է այնպիսի բաներ, ինչը ես այսօր ասում եմ քաղաքականության մեջ… Հասարակության զգացումները, մտահոգությունները նա գեղեցիկ ձևով ներկայացնում է երգի միջոցով»։ 

Համերգի վերջում Արտավազդ Բայաթյանը  մնաս բարով «ասաց» հանդիսատեսին «Ինչ-որ մի օր» երգով` հիշեցնելով, որ հենց այնպես ոչինչ չի ավարտվում։ -0-