ArmStyle

Օգոստոսի 26-ից 28-ը Դիլիջանում, Կոմպոզիտորների միության հանգստյան տանը կացնկացվի «Հուսո Առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնի 2-րդ փուլը։

«Սա ոչ թե մրցույթ է, այլ բացահայտումների հարթակ: Պոեզիայում, մշակույթում մրցակցելն իմաստ չունի։ Մեր նպատակն է գտնել ու հարթակ տրամադրել այն մարդկանց, ովքեր իրենց զգացողությունները կիթառի ու պոեզիայի ուղեկցությամբ են արտահայտում»,- «ԱՌԿԱ style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հուսո Առագաստ-2015» հեղինակային երգի համահայկական փառատոնի տնօրեն Վախթանգ Հարությունյանը: 

Բարդերի ակումբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած «Հուսո Առագաստ-2015» հեղինակային երգի փառատոնը մեկնարկել է հուլիսի 31-ին։ Անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլն անցկացվել է Սևանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը։ 

Վախթանգ Հարությունյանի խոսքով՝ փառատոնին մասնակցելու համար հիմնականում դիմել են երիտասարդներ, ովքեր իրենց առաջին քայլերն են անում։ 

Փառատոնի ժյուրիի անդամներն են Արմինե Հայրապետյանը, Սվետլանա Ալեքսանյանը, Վախթանգ Հարությունյանն ու Էդուարդ Զորիկյանը։ Նրանց համար արդեն կա նաև հայտնություն։ «Պարզվում է՝ տարիներ շարունակ, ամեն ուրբաթ մի երիտասարդ ներկա է եղել «Բարդ» ակումբի համերգներին։  Սևանում բացահայտեցինք, որ նա ևս երգեր է գրում ու կատարում, բայց՝ գաղտնի, այդ մասին չէր բարձրաձայնում։ Թեև չէր ուզում, բայց հորդորեցինք ու մասնակցեց փառատոնին»,- պատմեց երգահան Վախթանգ Հարությունյանը։ Ըստ նրա՝ փառատոնի կարևորագույն նպատակը երիտասարդ և ավագ սերնդի միջև կամուրջ ձևավորելն է, շփման հնարավորություն ստեղծելը։ 

«Ոչ թե սերնդափոխության, այլ այդ սերնդին ինտեգրելու խնդիր ունենք: Հեղինակ-կատարողն իր քայլերը, որպես կանոն, սկսում է մոտ 20 տարեկանում։ Այս տարիքում նրան «բարդ» կոչելը բարդ է, նա դեռ չգիտի՝ ինչ է ուզում այս կյանքից, քաղաքացիական ինչ դիրքորոշում ունի… նա դեռ պիտի եփվի այդ ամենի մեջ։ Փառատոնի խնդիրն է՝ բացահայտել երիտասարդների այդ տեսակին և թույլ չտալ, որ նրանք «փակվեն» իրենք իրենց մեջ»։

Փառատոնի գալա-համերգը տեղի կունենա օգոստոսի 29-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում: Հասույթն ուղղվելու է Դիլիջանում երաժշտական դպրոցի կիթառային դասարանի ստեղծմանը։ 

Փառատոնի ավարտին ժյուրին ընտրելու է ոչ թե մեկ հաղթողի, այլ լավագույն 10 կատարողի։ Նրանց երգերով թողարկվելու է սկավառակ։ Սեպտեմբերի 10-ից սկսած ամեն ուրբաթ լավագույն տասնյակը հնարավորություն կունենա նոր ու հին երգերը ներկայացնել «Բարդերի» ակումբի համերգներին։ 

«Փորձը ցույց է տալիս, որ տասը տարին մեկ հայտնվում են երիտասարդներ, ովքեր նորովի են ներկայացնում երգի մեր տեսակը: Այժմ բացահայտում ենք հեղինակ-կատարողների 5-րդ սերնդին։ Իսկ թե որքանով այդ սերունդն իր տեղը կամրապնդի հեղինակ-կատարողների հարթակում՝ արդեն ժամանակն ու կյանքը ցույց կտան»,- խոսքը եզրափակեց Վախթանգ Հարությունյանը։ -0-