ArmStyle

Սոնա Ռուբենյանը «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի առաջին օրվա արդյունքում կիսում է վեցերորդ տեղը Ռուսաստանը ներկայացնող «Օ’Հենրի» խմբի հետ:

Մեր երիտասարդ երգչուհին ելույթ է ունեցել 10-րդ համար ներքո՝ հիանալի կատարելով Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգը և հավաքելով 67 միավոր: Դժվար է ասել, թե ինչով են պայմանավորված ժյուրիի որոշ անդամների բավականին զուսպ գնահատականները, սակայն դեռ առջևում են երկու մրցութային օրերը, և ողջ Հայաստանը, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչներն աջակցում են «Պրեմիերա» նախագծի հաղթողին: 

Մրցույթի առաջին օրվա արդյունքում անվիճելի առաջատարն է Վրաստանը ներկայացնող Նուցա Բուզալաձեն, ով հավաքել է 76 միավոր, երկրորդ տեղը կիսել են Ուկրաինան ներկայացնող Վիկտորիա Պետրիկն ու Վյաչեսլավ Ռիբիկովը և Ղազախստանը ներկայացնող Ալիշեր Քարիմովը: Երրորդ տեղում է Ռուսաստանը ներկայացնող Նոդար Ռևիան: 

«Նոր ալիք» երաժշտական մրցույթն անցկացվում է Յուրմալայում հուլիսի 22-27-ը, մրցույթին մասնակցում է 13 երկիր ներկայացնող 16 մասնակից: Առաջին մրցութային օրը նվիրված էր միջազգային հիթերին:

Այսօր մասնակիցները կկատարեն իրենց երկրների հիթերը: Սոնան կկատարի «Հայաստան» ստեղծագործությունը: 
Աստղային ժյուրիի կազմում են Իգոր Նիկոլաևը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Իգոր Կրուտոյն ու Ֆիլիպ Կիրկորովը:-0-