ArmStyle

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում չորեքշաբթի տեղի ունեցավ նախատոնական Viena Gala համերգը, որի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանի հայտնի օպերային երգիչները, այդ թվում` Նյուրնբերգի Օպերայի պետական թատրոնի սոպրանո Հրաչուհի Բասենցը։

«Օպերան ազգային արժեք է։ Մենք անում ենք հնարավորինը, որպեսզի օգնենք բոլոր նրանց, ովքեր ներկայացնում են օպերային թատրոնը` խրախուսելով նրանց։ Ցանկանում ենք, որպեսզի այս արտիստները նոր բարձունքների հասնեն»,- ասաց VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Օպերայի ւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը պատմեց, որ ինքն ու իր կոլեկտիվը արդեն հասցրել են համերգներ ունենալ Արցախում։

«Դա շատ կարևոր է, որովհետև օպերային թատրոնը պետք է ելույթ ունենա ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս… Բացի այդ, մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Հայաստանը մշակութային երկիր է»,- ասաց Դուրգարյանը։ 

Նրա խոսքերով` 2015 թվականին նախատեսված է մոտ 30 համերգ Հայաստանի սահմաններից դուրս, ինչպես նաև Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ելույթներ։

Դուրգարյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարել է Յոզեֆ և Յոհան Շտրաուսների, Ֆ. Լեգարայի, Ֆ. Սուպեի, Լ. Կալմանի ստեղծագործությունները։

Vienna Gala համերգի ժամանակ իրենց արվեստը ներկայացրեցին Օպերային թատրոնի Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և օպերային երգիչները։

Հրաչուհի Բասենցից բացի, ելույթ ունեցան նաև բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր Արծվիկ Դեմուրչյանը, Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի մեներգիչներ Հասմիկ Թորոսյանը և Լիպարիտ Ավետիսյանը։

Միջոցառման կազմակերպիչը Օպերայի աջակցության հիմնադրամը և VivaCell-MTS ընկերությունն են։

2014 թվականին VivaCell-MTS-ը Օպերայի աջակցության հիմնադրամին 24 մլն, դրամ է տրամադրել 28 համերգի կազմակերպման համար, որոնք ակտիվություն են մտցրել Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի մշակութային կյանքում։ -0-