ArmStyle

Երաժիշտներ Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը՝ KMsounds Production ընկերության հետ համատեղ, նախաձեռնել են մի ծրագիր, որի շրջանակում նկարահանվել է «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին։ Տեսահոլովակում համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ են նկարահանվել։ 

Տեսահոլովակում հնչող երգը պատմում է փոքր աղջկա խեղված ճակատագրի մասին։ Նա կորցրել է իր ընտանիքն ու մենակ մնացել այս մեծ աշխարհում։ 

«Տեսահոլովակում նկարահանվել են հայտնի հայ արվեստագետներն ու հայ ժողովրդի բարեկամները։ Նրանք վշտակցում են փոքրիկ աղջկան և միլիոնավոր ընտանիքներին, որոնց երազանքներն անհետացան անապատի ավազներում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այս պատմությունը կրկնվի։ Չենք ցանկանում, որ ցանկացած այլ ժողովուրդ անցնի այն սարսափելի ճանապարհով, որը ստիպված եղավ անցնել հայ ժողովուրդը», – նշվում է նախագծի պաշտոնական կայքում։ 

Տեսահոլովակում նկարահանվել են աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, համաշխարհային օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, շոումեն և գրող Վահե Բերբերյանը, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, երաժիշտ Լևոն Օգանեզովը, դերասաններ Երվանդ Մանարյանը և Ռաֆայել Քոթանջյանը, դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանը, շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը և Միխայիլ Գալուստյանը, ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս), դերասաններ Դմիտրի Խառատյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, «Գոլոս» նախագծի մասնակից Անդրեյ Դավիդյանը, Capital Cities խմբի մենակահատար Սեբու (Սեպուհ) Սիմոնյանը, երգիչ և կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։

Աստղերից և արվեստի գործիչներից բացի, տեսահոլովակում նկարահանվել են նաև ՌԴ Դաշնության խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ռուս հեռուստալրագրող և քաղաքագետ Վլադիմիր Սոլովյովը, հայտնի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալը։ 

«KMsounds Production պրոդյուսերական ընկերությունն ու տեսահոլովակում նկարահանված մշակութային գործիչներից յուրաքանչյուրն իր ուղերձն է հղում առ աշխարհ` այն, ինչ կատարվեց 1915թ.-ին, Ցեղասպանություն էր, և աշխարհը պետք է ճանաչի այն, որպեսզի կանխարգելի պատմության կրկնությունը»: 

Երգի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումները կազմակերպվել են աշխարհի տարբեր երկրներում, որոնց թվում են ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան։

«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը կարելի է դիտել այստեղ։ -0-