ArmStyle

Mic.com կայքը հայ անվանի երգչուհի Սիրուշոյի անունը ներառել է աշխարհի այն լավագույն արտիստների իննյակում, որոնց մասին ամերիկացիները երբեք չեն լսել։

Կայքը ներկայացրել է այն ինը անվանի երաժիշտներին, որոնք թեև հայտնի չեն ԱՄՆ–ում, այնուհանդերձ աստղային մեծ բարձունքների են հասել։ Նրանց շարքում է արդեն համաշխարհային համբավ վայելող բելգիացի երգիչ Stromae–ն, մեքսիկական Մանա փոփ–ռոք խումբը, բրազիլացի երգչուհի Գաբի Ամարանթոսը, հնդիկ կինոկոմպոզիտոր, երգիչ և երաժշտական պրոդյուսեր Ա.Ռ. Ռախմանը (նա օսկարակիր «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի կոմպոզիտորն է), նիգերացի երգիչ D’Banj–ը, ֆրանսիացի Yelle էլեկտրո–փոփ խումբը, CL հարավկորեացի գերաստղը։

Կայքը նշում է, որ Քարդաշյանները միակ հայտնի հայերը չեն։ Սիրուշոն իր առաջին երաժշտական պարգևը ստացել է 9 տարեկանում, այնուհետև նա բազում մրցանակներ է ստացել հայկական երաժշտության մեջ ունեցած ավանդի համար։ Նա առաջին աղջիկն է եղել, ով 2008թ.–ին Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում (Սիրուշոն զբաղեցրել է 4–րդ տեղը)։ -0-