ArmStyle

«Զարմանալի երաժշտություն է, կթվա, թե շոտլանդական է, բայց խորքին մեջ հայկական է։ Որքան թախիծ կա մեջը… Հայու թախիծ…»,- 20-րդ դարի մեծագույն հայ երաժիշտ Առնո Բաբաջանյանի՝  «Իմ սիրտը լեռներում  է» պիեսի համար գրած երաժշտության մասին այսպես է արտահայտվել համաշխարհային դասական, գրող Վիլյամ Սարոյանը։ 

«Առաջին մարդը, ով ինձ Վարպետ անվանեց, Առնո Բաբաջանյանն էր։ Ես ալ ըսի` դուն ալ ես վարպետ, ու ինքը չառարկեց: Լավ է, որ չառարկեց, ուրեմն ինքն իր գինը գիտե։ Արվեստագետը պետք է իր գինն իմանա»: 

Հունվարի 22-ին լրացավ երաժշտության Վարպետի՝  մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի 94-ամյակը։ «ԱՌԿԱ Style»-ը զրուցեց «Մեր Առնոն… ու նրա մասին» փաստագրական ֆիլմի ռեժիսոր Արսեն Ասլանյանի հետ: 

Կոմպոզիտորի կյանքի մասին պատմող փաստագրական «Մեր Առնոն… ու նրա մասին» ֆիլմը ստեղծվել էր դեռ 2011-ին` Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ և նախատեսվում էր հասարակության դատին հանձնել Բաբաջանյանի ծննդյան օրը, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով այն պատրաստ եղավ ավելի ուշ, և քչերը տեղյակ եղան այս ֆիլմի մասին: 

— Պարոն Ասլանյան, նախ ներկայացրեք, թե ինչպես ծնվեց կոմպոզիտորի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը:

Ասլանյան — Ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերը Մարկ Պետրոսյանն է, ով, ցավոք, 2013-ին մահացավ: Մարկ Պետրոսյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ նկարահանվել են հայ դասական մի շարք կոմպոզիտորների կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմեր: Հերթական ֆիլմը Մարկ Պետրոսյանը որոշեց նվիրել Առնո Բաբաջանյանին՝ կոմպոզիտորի 90-ամյակի կապակցությամբ: Երբ ցանկանում ես նկարահանել ֆիլմ որևէ մեծանուն  արվեստագետի կյանքի մասին, պետք է հայթայթես այնպիսի նյութեր, որոնք նորություն կլինեն մարդկանց համար: Մենք դա արեցինք. արխիվից ձեռք բերեցինք նյութեր, կինոժապավեններ, որոնք ոչ ոք չէր տեսել: Անգամ տղան՝ Արա Բաբաջանյանը, զարմացավ՝ տեսնելով այդ նյութերը: 

Հանրությանն անհայտ կադրերից էր Բաբաջանյանը «Ավրորա» նավի վրա, Բաբաջանյանը Երևանի դաշնամուրի գործարանի թողարկած առաջին դաշնամուրը փորձարկելիս… 

Ֆիլմում ներառված են կոմպոզիտորի ստեղծագործությունները և հայտնի մարդկանց պատմությունները Բաբաջանյանի մասին: 50 րոպե տևողությամբ ֆիլմում Բաբաջանյանի կյանքի և գործունեության մասին հիշողություններ են պատմում Իոսիֆ Կոբզոնը, Եվգենի Եվտուշենկոն, Ալեքսանդրա Պախմուտովան, Կոստանտին Օրբելյանը, Բաբաջանյանի որդին և այլք: Եվ նրանց պատմությունները զուգակցվում են Բաբաջանյանի ստեղծագործությունների հետ:  Հետաքրքիր բան պատմեց Պախմուտովան, ասաց. «Առնո Բաբաջանյանն այնպիսի ժամանակաշրջանում էր ստեղծագործում, որ չէր կարող գնալ Արևմուտք: Այն, ինչ անում է Էնիո Մարիկոնեն, Բաբաջանյանն այդ երաժշտությունը կարող էր գրել ձախ ձեռքով»: 

— Հետաքրքիր է՝ ֆիլմի նկարահանման ընթացքում Ձեզ համար նոր բացահայտումներ եղա՞ն` Առնո Բաբաջանյան երևույթի առումով: 

Ասլանյան — Ինձ մոտ նոր բացահայտում չեղավ, քանի որ ես ինքս ճանաչում էի Առնո Բաբաջանյանին: Այլ կերպար կարող է բացահայտել նա, ով չի ճանաչել նրան: Ընկերներ չենք եղել, բայց  բազմիցս հանդիպել-զրուցել ենք: Չեմ կարող ասել, թե հարուստ հուշեր ունեմ, բայց, բարեբախտաբար, նրա հետ շփվելու հնարավորություն ունեցել եմ: Շատ էներգիա կար նրա մեջ: Ի դեպ, եթե մի բան դուր չէր գալիս նրան, հայհոյում էր. Մարդիկ չէին նեղանում, գիտեին՝ դա նրա կերպարն է: Սև-սպիտակ միայն մեկ ֆիլմ է նկարահանվել Առնո Բաբաջանյանի մասին: Այդ ֆիլմից հատվածներ օգտագործել եմ նաև ես: Երբ նայում էի ֆիլմի այդ հատվածները, զգում էի, որ Բաբաջանյանն իր մտքում հայհոյում է ռեժիսորին: Ռեժիսորը նրան ասում է` այս կողմ նայիր, հետո այն կողմ նայիր: Ու ես զգում էի, որ կոմպոզիտորը հայհոյում է: Պատճառը մեկն էր՝ դա ինքը չէր: Նա ինքն էր, երբ նվագում էր: Երբ նստում էր դաշնամուրի առջև, ամեն ինչ մոռանում էր, նվիրվում էր երաժշտությանը: Այ դա էր ինքը: 

Իմ հիմնական նպատակն էր նորություն հայտնել դիտողին: Ովքեր հասկացան՝ հասկացան, ովքեր չէ՝ չէ:

— Ֆիլմը ստեղծվել է 2011-ին, անցել է չորս տարի, բայց այսօր էլ երևի քչերը գիտեն ֆիլմի գոյության մասին: Ինչո՞ւ:

Ասլանյան — Երբ ես Ամերիկայում ցուցադրում էի իմ ֆիլմերը, լրատվամիջոցների հերթ էր գոյացել, Հայաստանում այդպես չէ: Մեր երկրում կխոսեն, եթե կերուխում լինի: Մյուս կողմից՝ ինչ հրամցնում են, ժողովուրդը դա էլ նայում է: Եթե սերիալը կարող են 10 անգամ ցուցադրել, ինչու՞ Առնո Բաբաջանյանի մասին ֆիլմն էլ նույնքան չեն ցուցադրում: Հայաստանում ամբողջը կոմերցիա է դարձել: Դասականների մասին ֆիլմերը կամ չեն ցուցադրվում, կամ ցուցադրում են այն ժամերին, որ մարդ չնայի: 

Այսօր աշխարհին չես զարմացնի ոչ մի ֆիլմով կամ երաժշտությամբ, կարող ես զարմացնել Արամ Խաչատրյանով ու Առնո Բաբաջանյանով ու նրանց մասին պատմող դասական ֆիլմերով: Ասում են՝ վարդի վրա մի թիթեռ է նստում, բայց երբ կեղտ է լինում, լիքը ճանճ է հավաքվում: Հնարավոր է՝ այս ֆիլմն էլ է այդպիսին: Խոսքը լավ ու վատ ֆիլմի մասին չէ: Խոսքը Բաբաջանյան կերպարը, դասականներին հանրությանը հասցնելն է: 

Ես չեմ ասում, թե Բաբաջանյանին չեն ճանաչում: Բնականաբար, նրան բոլորն են ճանաչում: Այսօր շատերը թարմացնում են նրա երգերն ու շարունակում այդ տարբերակով կատարել մնայուն ստեղծագործությունները: Երբ Էրիկը Յուրմալայում մրցանակ շահեց, կարծում եմ՝ Բաբաջանյանի գործոնը ևս կար: Խնդիրն այն է, որ այսօր դասականների մասին չունենք հաղորդումներ, եթե ունենք ֆիլմեր, դրանք անտեսվում են, չեն ցուցադրվում:

Վերջերս, երբ մահացավ օպերային ռուս երգչուհի Ելենա Օբրազցովան, հենց այդ երեկո հեռուստաընկերություններից մեկը ցուցադրեց Օբրազցովայի կյանքը: Կարծես մի ֆիլմ լիներ: Երբ մեզ մոտ է հայտնի մարդ մահանում, ոչինչ չի ցուցադրվում, չի խոսվում՝ ով էր նա, ինչ ճանապարհ էր անցել։ Մինչդեռ նման դասականներ, հնարավոր է՝ շատ երկար ժամանակ այլևս չունենանք: -0-