ArmStyle

«Հայերն ու իտալացիները արտաքնապես են նման, իսկ երաժշտությամբ՝ ոչ այնքան»,- «ԱՌԿԱ style»-ի թղթակցի հետ զրույցն այսպես սկսեց իտալացի ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին: 

Ժամանակակից երաժշտության հմուտ վարպետը խոստովանում է՝ հայ երաժիշտների հետ համագործակցությանը մեղեդիների տարբերությունը չի խանգարում, և ինքը կարիերայի սկզբից մշտապես շփվում է հայ պրոֆեսիոնալների հետ: 

Փետրվարի 13-ին Երևանը կրկին հյուրընկալեց իտալացի ֆլեյտահարին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալացի ֆլեյտահար Մասսիմո Մերչելլին նվագախմբի հետ ներկայացրեց Մոցարտի «Ֆլեյտայի կոնցերտ K.313»-ը և Մայքլ Նայմանի «Ֆլեյտայի կոնցերտ»-ը, որն, ի դեպ, առաջին անգամ էր հնչում  Հայաստանում:

«Այս կոնցերտը Նայմանը գրել է մի քանի տարի առաջ, բավականին դժվար ստեղծագործություն է, բարդ գործ է ոչ միայն նվագախմբի, այլև ինձ համար»,- նշեց իտալացի ֆլեյտահարը:

Մասսիմո Մերչելլին առաջին անգամ Հայաստան է եկել 1992 թվականին: Անցյալ  տարի ևս համերգ է ունեցել՝ մաեստրո Թոփչյանի հրավերով: «Ես շատ ուրախ եմ ելույթ ունենալ նվագախմբի հետ, որովհետև ամեն անգամ նրանք ավելի լավն են: Սա շատ լավ թիմ է: Անցյալ տարի նրանք հրաշալի տուր ունեցան Իտալիայում, շատ տպավորիչ էր: Ըստ էության` նվագախումբը ձեր երկրի համար դրոշ է»: 

Համերգի երկրորդ բաժնում կատարվեց Մալերի «Սիմֆոնիա թիվ 4»-ը: Մալերի սիմֆոնիայի ֆինալում, որտեղ հեղինակն օգտագործել է «Երկնային կյանքը» երգը, հանդես եկավ սոպրանո Իրինա Զաքյանը: Թոփչյանի ղեկավարությամբ այս ստեղծագործությունը նա կատարել է մի քանի անգամ: «Երաժշտությունն աստվածային է: Շատ էի կարոտել այս ստեղծագործությանն ու անընդհատ ասում էի՝ Էդուարդ, գուցե մեկ անգամ ևս կատարենք: Մաեստրոն համաձայնեց: Եվ այսօր կատարեցինք: Ի դեպ, խոսքերը բառացի թարգմանել է Թոփչյանը, ով հրաշալի տիրապետում է գերմաներենին»:

Մերչելլին նշեց, որ պատրաստվում է մեր երաժիշտներին կրկին հրավիրել իր հայրենիք: -0-