Ռուսաստանում բնակվող հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան իր առաջին մենահամերգը կունենա հայրենի քաղաքում՝ Երևանում: Նախօրեին ջազային երգչուհին լրագրողների հետ խոսել է Երևանում և Ղարաբաղում ծրագրված համերգների վերաբերյալ ունեցած զգացողությունների մասին:

«Ծնվել եմ Թումանյան փողոցում, որտեղ անցկացրել եմ մանկությունս, դա իմ հայրենի վայրն է։ Օպերային թատրոնը, որտեղ կկայանա իմ մենահամերգը, ինձ համար սրբազան վայր է եղել, հատկապես` շենքի ծառայողական մուտքի հատվածը, որտեղով, ինչպես ինձ էր թվում, բեմին են մոտենում մարտակառքերը»,– նշեց Մերաբովան։ 

Նա ընդգծեց, որ երջանիկ է կրկին հայրենիքում լինելու համար, և այս անգամ սիրտն այլ կերպ է թրթռում, քանի որ հետևում է թողել «Գոլոս» նախագիծը, որում ներդրել է ազգի հպարտության իր մասնիկը՝ հուսալով, որ իր մասնակցությունը մրցույթին ինչ–որ կերպ կջերմացնի հայրենակիցների սրտերը։

Մերաբովայի խոսքով` առաջին անգամը չէ, որ երգում է օպերային թատրոնի բեմում, բայց առաջին անգամ է հանդես գալիս մենահամերգով, որն իր համար մեծ տոն է:

«Ուրախ եմ, որ այն ամենը, ինչ կուտակել ենք, ընտրել, մաղել և թողել մեր կոլեկտիվի ստեղծագործական տարիների ընթացքում, մանրակրկիտ հավաքել ենք և բերել Հայաստան։ Ճանաչելով հայ հանդիսատեսին` կարծում եմ, որ ամեն ինչ փայլուն կանցնի, բայց ամեն դեպքում հուզմունք կա»,– նկատեց երգչուհին։

Հատուկ համերգների համար երգչուհին հայերեն երգ է պատրաստել, որի հեղինակը հայտնի կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանն է։

«Չափազանց գեղեցիկ երգ է, շատ սիրված, որը երբեք չեմ ներառել իմ երգացանկում, որովհետև պատրաստ չեմ եղել»,– նշեց արտիստուհին։

Երգչուհու ամուսինը` հայտնի ջազմեն Արմեն Մերաբովն իր հերթին ավելացրեց, որ համերգային ծրագիրը բավականին էկլեկտիկ է, այնտեղ տեղ են գտել նաև էստրադային երգեր, որոնք հեռու են ջազից, վերամշակված են և հարմարեցված արտիստների ոճին։

Երգչուհու և Miraif project խմբի ելույթները կանցկացվեն Երևանում և Ստեփանակերտում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքում համերգը կկայանա ապրիլի 1–ին Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնում, իսկ Երևանում ելույթը նախատեսված է ապրիլի 5–ին Երևանի Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ավելի անմիջական շփման սիրահարների համար ապրիլի 6–ին «MEZZO» ակումբում երեկոյան համերգ կկազմակերպվի «Ջազ ակումբ» ձևաչափով։

Մարիամ Մերաբովայի (Ալավերդյան) հայրենի քաղաքը Երևանն է, հենց այստեղ է նա ավարտել երաժշտական դպրոցը։ Ընտանիքի հետ Մոսկվա տեղափոխվելուց հետո բարձրագույն երաժշտական կրթություն է ստացել։ Մերաբովան մեծ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել ժողովրդական արտիստ Իգոր Բրիլի հետ։

Miraif project խմբի հետ համատեղ Մերաբովան ձայնագրել է երեք ալբոմ, ելույթ է ունեցել հայտնի երաժիշտների հետ, որոնց թվում են Վյաչեսլավ Գորսկին, Ֆիլ Փերին, Էրիկ Մարիենթալը, Գրիգորի Ֆայնը։ Երգչուհուն մեծ ճանաչում է բերել մասնակցությունը Ռուսական առաջին ալիքի  «Գոլոս» նախագծին, որտեղ նա դարձել է երրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլի մասնակիցների մեկը։ Մերաբովան բազմաթիվ անգամ ելույթ է ունեցել բեքվոկալում «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում։ -0-