ArmStyle

Հայ երգչուհի MARBEY-ը (Մարինե Հակոբյան) շաբաթ օրը «Yans» ակումբում ներկայացրել է ջազ-ֆոլք ոճում գրված «Զարթոնք» երգի նոր տեսահոլովակը:

Տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր, «Cantus» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Զառա Պետրոսյանը «ԱՌԿԱ Style» գործակալության հետ զրուցել է նոր ոճի և ջազ-ֆոլքի զարթոնքի մասին: 

«Տեսահոլովակի գաղափարն այն է, ինչ մեզ համար սահմանել ենք: Դա այն գիծն է, որով ցանկանում ենք ընթանալ», — ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքերով` տեսահոլովակի գաղափարը ծնվեց ամենասկզբում` ստեղծագործության ստեղծվելուց անմիջապես հետո: «Միանգամից սկսեցի պատկերացնել, թե ինչ եմ ուզում: Տեսահոլովակի ստեղծման ուղղությամբ երկար չենք աշխատել, խնդիրն ի սկզբանե պարզ էր, քանի որ պրոֆեսիոնալ օպերատոր և մոնտաժող Արման Օրդյանը մեր կողքին էր, օգնում էր», — ասաց նա:

«Տեսահոլովակը նկարահանվել է կենդանի, այստեղ չկա ֆոնոգրամմա, նկարահանումների ժամանակ ձայնագրվել են կենդանի հնչող գործիքներ: Ջազ-ֆոլք արդեն հնչում է Հայաստանում, սակայն այն ավելի շատ գործիքային է: Հիմա ես ուզում եմ այն մտցնել վոկալի հունի մեջ: Այդ ուղղությունն ազատ է, և MARBEY-ն  կզբաղեցնի այն», — ավելացրեց պրոդյուսերը:
 
Տեսահոլովակը MARBEY-ի առաջին աշխատանքն է, թեև նա բեմում է արդեն վեց  տարի: «Նման ամպլուայում երգչուհին հանդես է գալիս առաջին անգամ, այդ պատճառով էլ երգը կոչվում  է «Զարթոնք»: Դա զարթոնք է ամեն ինչում», — ասաց Պետրոսյանը:

Երգչուհին նշեց, որ երգը գրել է կոմպոզիտոր Գարիկ Սարիբեկյանը: «Ամեն մեկը յուրովի կհասկանա տեսահոլովակը, քանի որ դա ֆանտազիայի, մտքի և ազատության թռիչք է: Իսկ ջազն ինձ համար կենսակերպ է», — ավելացրեց նա: -0-