ArmStyle

Տասնմեկամյա Բեթթին, որը կներկայացնի Հայաստանը «Մանկական եվրատեսիլ – 2014»-ին, Մալթայում ելույթ կունենա նոյեմբերի 15-ին` 12 համարի ներքո։

Այդ մասին երգչուհին հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։

Հիշեցնենք, որ Բեթթին Հայաստանը կներկայացնի «People of the sun» երգով։ Հայկական պատվիրակությունը, պատանի երգչուհու հետ միասին, արդեն Մալթայում է։

 «Մանկական եվրատեսիլ 2014»-ին կմասնակցեն կատարողներ 16 երկրներից`  Վրաստանից, Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Ռուսաստանից, Շվեդիայից, Մոնտենեգրոյից, Նիդեռլանդներից, Մալթայից, Սերբիայից, Սլովենիայից, Խորվաթիայից, Սան Մարիանոյից, Ուկրաինայից։

Հայաստանը «Մանկական եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը: 2009թ.–ին Լաուրա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ  12–ամյա Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Դալիթան։

Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։ 2013 թ.-ին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը Կիևում կայացած մրցույթին զբաղեցրեց վեցերորդ տեղը: -0-