ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, ով գերել է բազմաթիվ երկրների հանդիսատեսի սրտերը, իր 50 ամյակը նշեց Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ առաջին համերգով: «Սպասված վերադարձ» համերգի անվանումը լիովին համապատասխանում էր մաեստրոյի և երևանցիների հոգեվիճակին, քանի որ նրա այցը Հայաստան առաջինն էր 12 տարվա ընդմիջումից հետո: Համերգին, որը տեղի ունեցավ հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, հնչեցին Չայկովսկու Սերենադը լարայինների համար, Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան լարայինների և լիտավրի համար և Կոմիտաս-Ասլամազյանի հայկական մեղեդիները:  

«Ես անձամբ եմ կազմել համերգի ծրագիրը, և այս երեկո այն առաջին անգամ է հնչելու: Կարծում եմ, որ հայկական և ռուսական դասական ստեղծագործությունները մեկ ծրագրում շատ լավ կհամադրվեն և կհուզեն հանդիսատեսին», — ասաց Փեհլիվանյանը «ԱՌԿԱ-Style» գործակալությանը համերգից առաջ: 

Ինչ վերաբերում է ծրագրում ներառված ստեղծագործություններին, ապա դիրիժորը նշեց, որ Միրզոյանի Սիմֆոնիան լսել է շատ տարիներ առաջ և շատ է տպավորվել այդ ստեղծագործությամբ, Ասլամազյանի մշակմամբ Կոմիտասի հայկական մոտիվները նա հավանել և սկսել է կատարել դեռ երիտասարդ տարիքում, իսկ Չայկովսկու Սերենադը ներառվել է ծրագրում, քանի որ այն դասական արվեստի մեծագույն ստեղծագործություններից է: 

Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի անդամ, ջութակահարուհի Սոնա Ազարյանը «ԱՌԿԱ-Style»-ն պատմեց, թե ինչպես էին երաժիշտներն աշխատում վարպետի հետ:

«Ես շատ եմ լսել մաեստրո Փեհլիվանյանի մասին, սակայն այնպես էր ստացվել, որ իմ ստեղծագործական կյանքը երբեք նրա հետ չէր հատվում: Ցնցված եմ նրա պրոֆեսիոնալիզմով, մարդկային որակներով, աշխատանքի ոճով և յուրաքանչյուր երաժիշտի նկատմամբ ցուցաբերած անհատական մոտեցմամբ: Հույս ունենք, որ նա հաճախ կայցելի մեզ և հետագայում Հայաստանում կներկայացնի սիմֆոնիկ ծրագրեր», — ասաց նա: 

Համերգից առաջ Փեհլիվանյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալը»՝ համաշխարհային դասական երաժշտարվեստի զարգացման մեջ ծանրակշիռ ներդրում ունենալու համար և 50-ամյա հոբելյանի կապակցությամբ: Դիրիժորին մեդալը հանձնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը: Ծանոթանալով դիրիժորական վարպետության «այբուբենին» Սիենայի Կիջի երաժշտական ակադեմիայում, որի շրջանավարտներն են եղել նաև աշխարհահռչակ դիրիժորներ Կլաուդիո Աբադոն և Դանիել Բարենբոյմը, իսկ հետագայում գլխավորելով աշխարհի բազմաթիվ հայտնի նվագախմբեր՝ Փեհլիվանյանը հավատարիմ է մնում դիրիժորական արվեստի լավագույն ավանդույթներին, որոնք ամբողջովին ներկայացվեցին նրա երևանյան համերգի ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի պետական կամերային նվագախմբին,  ապա  վերջինիս կատարումը տարբերվում էր վառ արտահայտչականությամբ և տեխնիկական կատարելությամբ: 

Երաժիշտներին բնորոշ ոճի հիանալի զգացումը հնարավորություն տվեց վերստեղծել կոմպոզիտորների անկրկնելի երաժշտական աշխարհը: Հանդիսատեսը բուռն ծափահարություններով և «բրավո»-ներով երկար ողջունում էր երաժիշտներին՝ Փեհլիվանյանի գլխավորությամբ՝ չթողնելով նրանց հեռանալ բեմից:

Համերգի ֆոտոժապավենին կարելի է ծանոթանալ այստեղ: -0-