ArmStyle

«Այստեղ եկել է այսքան բազմություն, որ ապացուցի՝ 85 տարեկան եմ, բայց ես չեմ համոզվում»,- այս տարի նշվող իր հոբելյանին նվիրված համերգներից մեկի ժամանակ ասել է հայտնի խմբավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը: 

Մաեստրոյին նվիրված միջոցառումների եզրափակիչ` դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցած հոբելյանական համերգից հետո ևս «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում արվեստագետը կատակում էր. 

«70 տարի է՝ բեմում եմ: Կյանքում շատ դահլիճներ տեսա. միջազգային դահլիճներ՝ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և այլուր: Միայն Սանկտ Պետերբուրգում ունեցել եմ 96 համերգ, իսկ Մոսկվայում՝ 90 համերգ: Արտասահմանյան իմ համերգների թիվը 864-ն անցնում է: Ու կենդանի եմ մնացել»։

Նման հաջողությունների հասած արվեստագետը, պարզվում է՝ ունի չիրականացած երազանք. «Ես բոլորովին այլ երազանք եմ ունեցել: Ցանկացել եմ նավապետ լինել, պայքարել ալիքների հետ: Էլի պայքարում եմ, բայց կյանքի ալիքների հետ»:  Այնուհետև մի քանի վայրկյան լռում է, հայացք է նետում ապրած տարիներին ու խոստովանում. «Գիշերը երկու ժամից ավելի չեմ քնում: Այդ երկու ժամերին էլ մտածում եմ… Չէ, ժամանակի կորուստ համարյա չունեմ, բայց ափսոսանք շատ կա»:

ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ 2014 թվականը հայտարարվել էր «Չեքիջյանական տարի»: Եզրափակիչ համերգի ժամանակ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ հանդես եկան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և օպերային անվանի երգիչներ: 

Մաեստրոն ղեկավարում է կապելլան և իր աշխուժությամբ հանդիսատեսին ևս ստիպում մոռանալ տարիքը: Ծափերն ու բրավոները թույլ չէին տալիս մաեստրոյին հեռանալ բեմից: Նա շարունակում է խոնարհվել երգչախմբի, նվագախմբի ու հանդիսատեսի առջև: Երիտասարդ ջենտլմենի պես համբուրում է մեներգչուհու ձեռքը, ժպիտով ընդունում ծաղիկներն ու հանդիսատեսի սերը:  

Աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախմբեր ղեկավարած, հայրենիքում հայ հանդիսատեսին ավելի քան 4000, իսկ արտասահմանում շուրջ  860 համերգ պարգևած մաեստրոն հուզված էր: Յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո ծափերի ներքո Չեքիջյանը գալիս էր կուլիսներ, որտեղից համերգին հետևում էր «ԱՌԿԱ Style»-ի թղթակիցը, խորը շունչ քաշում, ոգևորում համերգի մասնակիցներին ու կրկին բեմ դուրս գալիս: 

«Ապրես, ահագին աճ եմ տեսնում»,- ելույթից հետո նա այսպես դիմեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանին մաեստրոն ու վերադարձավ բեմ: Քարազյանը կատարել էր Վերդիի «Ազգերի հիմնը»:  

Խստապահանջ, աշխատասեր ու սկզբունքային. այսպես բնութագրեց մաեստրոյին  Պերճ Քարազյանը ու խոստովանեց՝ ինքն էլ է նկատում իր աճը, իսկ դա մաեստրոյի մասնագիտական դիտողությունների արդյունքն է: 

«Աշխատանքի մեջ շատ խստապահանջ է, այնքան, որ ուզած-չուզած աճում ես: Նա չի խաբում երբեք, ճիշտ դիտողություններ է անում, չի մոռանում նաև գովել: Նրա մեծությունն այն է, որ նա միշտ ձգտում է կատարելության: Ուզում է միշտ ապահովել աշխատանքի 100 տոկոսանոց որակ: Իր խստապահանջությամբ, եռանդով ու աշխատասիրությամբ մաեստրոն երկար տարիներ ազգային ակադեմիական երգչախմբի բարձր որակի գրավականն է»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ մենեգիչը: 

Պերճ Քարազյանը Հովհաննես Չեքիջյանի հետ սերտորեն համագործակցում է հատկապես վերջին երկու տարիներին: Հասցրել է նրան ճանաչել թե որպես մարդու, թե որպես արվեստագետի: «Իսկական արվեստագետ, տեսակով ազնվական մարդ, որի կարիքը շատ ունի մեր ազգը: Հիշում եմ՝ երբ մեկնում էինք հյուրախաղերի, մաեստրոն մեզանից ավելի երկար էր մնում բեմում, համերգներից հետո ավելի շատ էր քայլում, մեզանից ավելի շատ էներգիա էր ծախսում: Մենք հոգնում էինք, նա՝ ոչ»: 

Որն է մաեստրոյի միշտ եռանդով լի լինելու գաղտնիքը՝ Պերճ Քարազյանը չգիտի, բայց մի բան հաստատ գիտի՝ եթե հայ արվեստը բուրգ է, ապա մաեստրոն բուրգի փայլող գագաթն է: 

«Չեքիջյանական հրաշքը». այս խոսքերով շնորհավորեց մաեստրոյին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Չեքիջյանը քայլող լեգենդ է, մեր ազգի պարծանքն ու հպարտությունն է, նա իր կենդանության օրոք կառուցեց անձեռակերտ մի արձան, որն է` կապելլան, ու այն մնայուն արժեք դարձավ, Չեքիջյանը՝ առավել ևս: Նա մեզ բոլորիս համաշխարհային փառք ու պատիվ բերեց: Մեծ մաեստորն արժանի է մեծարանքների ու փառաբանության: Ուրախ եմ, որ ժողովուրդը այսքան մեծ սիրով է ընդունում նրան, սովորական մարդիկ խոնարհվում են նրա ստեղծած արժեքի առաջ: Շնորհավորում եմ ու ուրախ եմ, որ մեր նախարարությունը 2014-ը հայտարարեց չեքիջյանական տարի ու չսխալվեց»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հրանուշ Հակոբյանը: 

Համերգի ավարտին հանդիսատեսը հոտնկայս ու անդադար հնչող ծափահարություններով մի քանի անգամ բեմ կանչեց մաեստրոյին: Այնուհետև հանդիսատեսի հոծ բազմությունը տեղափոխվեց կուլիսներ՝ այստեղ հանդիպելու և  մաեստրոյին շնորհավորելու համար: 

«Շնորհավորում եմ, 54 տարի է՝ Ձեր երկրպագուն եմ…»,- լսվեց մի տարեց կնոջ ձայն։ 

«Լա՞վ էր, հավանեցի՞ք, հո՞ չեք ափսոսում ձեր կորցրած ժամանակի համար»,- պատասխանում էր մեստրոն։  

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է Ստամբուլում: Մինչև 1961 թվականին հայրենադարձվելը Ստամբուլում ղեկավարել է տարբեր երգչախմբեր, եղել է Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, ստեղծել է իր` «Չեքիջյան» երգչախումբը, եղել է Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը:

Իսկ 1961-ից ղեկավարում է Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Նա այսօր միակ դիրիժորն է աշխարհում, ով 55 տարի անընդմեջ ղեկավարում է նույն երգչախումբը` Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

Լուսանկարը՝ Սոնա Անդրեասյանի