Լեգենդար ջազմեն Լուի Արմսթրոնգի թոռը` Չարլի Արմսթրոնգը, ապրիլի 19-ին առաջին անգամ ելույթ կունենա Երևանում։ «Yans» ակումբում կազմակերպված համերգն առայժմ միակը կլինի։ 

Չարլի Արմսթրոնգը երգիչ է, մի շարք ստեղծագործությունների հեղինակ, հասարակական գործիչ, բիզնեսմեն և պրոդյուսեր։ Նրա «Feel The Summer» և «Who Let The Dogs Out» երգերը «պայթեցնում» են եվրոպական ակումբները։ Սեն Տրոպեում, Կաննում և Մոնակոյում Չարլի Արմսթրոնգին թիվ մեկ երգիչն են համարում։ Տաղանդի և ունկնդրի սրտին հասնելու ունակության շնորհիվ Չարլին ավելի ու ավելի շատ մարդկանց հոգիներն է գերում։

Ապրիլի 17-ին Երևան ժամանելուն պես նա հենց օդանավակայանում խոսեց լրագրողների հետ։

Արմսթրոնգը` Հայաստանի մասին

«Ռուսաստանում լինելու ընթացքում շատ եմ լսել ձեր երկրի մասին։ Ես մասնակցել եմ Ռուսաստանում անցկացվող մի քանի հայկական միջոցառումների։ Ինձ շատ էին դուր եկել։ Այդպես սկսվեց Հայաստան տանող իմ ուղին»,– ասաց նա։
 
Երաժիշտն ասաց, որ երջանիկ է Երևան գալու համար։ Պատրաստվում է այստեղ մնալ մի քանի օր, տեսարժան վայրեր այցելել։

«Եթե ամեն ինչ բարեհաջող լինի և հայերին դուր համերգը, ես կրկին Երևան կգամ և մի քանի ամիս անց մեծ համերգ կկազմակերպեմ այստեղ»,– խոստացավ Արմսթրոնգը։

Նա պատմեց, որ շատ հայ ընկերներ ունի Մոսկվայում, և նրանք անչափ ուրախացել են, որ Չարլին Հայաստան է գալու։

«Ես արդեն այնքան հրավերներ ունեմ, որ ուզում եմ նախօրոք ներողություն խնդրել, որ չեմ կարողանալու բոլորին այցելել։ Բայց խոստանում եմ, որ հաջորդ այցս ավելի երկար կլինի»,– խոստացավ երգիչը։

Արմսթրոնգը պատրաստվում է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության թեման 

Օդանավակայանում Արմսթրոնգին դիմավորելու եկածները նկատեցին, որ նրա պիջակի վրա անմոռուկ է կպցրած։ Նա ասաց, որ դեռ ոչինչ չգիտի Ցեղասպանության մասին, սակայն Հայաստանում անցկացրած մի քանի օրերի ընթացքում պատրաստվում է հնարավորին չափ շատ բան իմանալ այդ մասին։

«Հուսամ` մարդիկ կպատմեն ինձ այդ մասին. ես պետք է իմանամ»,– ասել է նա։

Արմսթրոնգի առաջին ու առայժմ միակ համերգը

«Համերգի ժամանակ ես պատրաստվում եմ ներկայացնել Լուի Արմսթրոնգի ձայնը, որն ապրում է Չարլի Արմսթրոնգի շնորհիվ։ Ես երևանյան հանդիսատեսին կպատմեմ այն մարդկանց արվեստի մասին, ովքեր սոուլի, ջազի, բլյուզի և ֆանկի լեգենդներ են ինձ համար»,– ասաց նա։

Թեև Արմսթրոնգը հանդես է գալիս ժանրային անհավանական բազմազանությամբ, այնուհանդերձ խոստովանում է, որ հոգու խորքում առավել հարազատ է գոսպելը (հոգևոր երաժշտություն)։

«Ես գոսպել երգելով եմ մեծացել։ Սկսել եմ գոսպելներ երգել, երբ դեռ ընդամենը չորս տարեկան էի։ Ըստ էության, գոսպելը համաշխարհային երաժշտության հիմքն է»,– ասաց Արմսթրոնգը։

Նա նշեց, որ մտածում է Երևանում «Armstrong Recording Studio» բացելու մասին։ «Դեռ կխոսենք այդ մասին»,– խոստացավ երաժիշտը։

Արմսթրոնգի «Children of this Land» նախագիծը

«Children of this Land» («Այս աշխարհի երեխաները») նախագիծը ստեղծել է Չարլի Արմսթրոնգը` պապիկի «What a wonderful world» երգից ոգեշնչված։ Նախագծի նպատակն է օգնել տաղանդավոր երեխաներին, որ հասնեն իրենց երազանքին։ 

«Երբ այցելեցի Ռուսաստան, շատ ընդհանուր բան գտա իմ և ռուս երեխաների մանկության միջև։ Սկսեցի այցելել մանկատներ, որտեղ երեխաները շատ կարիքներ ունեին, և սկսեցի հիշել իմ մանկության դրվագները, քանի որ ես ևս մեծացել եմ ոչ հարուստ ընտանիքում։ Ես ինքս եմ հասել ամեն ինչին։ Ինձ կարելի է անվանել «self-made man» (մարդ, ով ինքն է իրեն սարքել)», – ասաց Արմսթրոնգը։

Հենց այդ պատճառով է, որ նա Ռուսաստանում գործարկել է «Children of this Land» նախագիծը, այցելել է մանկատներ և վարպետության դասեր կազմակերպել։ Նա նշեց, որ եթե ժամանակ ունենա, կայցելի նաև Հայաստանի մանկատներ և կփորձի իր թիմի հետ նմանատիպ նախագիծ սկսել նաև Հայաստանում։ 

Լուի Արմսթրոնգի թոռը լինելը շատ հեշտ է

Պատասխանելով այն հարցին, թե դժվա՞ր չէ լեգենդի թոռ լինելը, և դա լրացուցիչ պատասխանատվություն չի ենթադրում` Արմսթրոնգը բացասական պատասխան տվեց. «Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպես եք նայում դրան։ Ինձ համար դժվար չէ, քանի որ ես չեմ փորձում ամբողջությամբ հույսս դնել պապիս վրա։ Գրում եմ իմ սեփական պատմությունը։ Ինձ համար շատ կարևոր է, որ պահպանեմ նրա մասին հիշողությունը և կատարեմ նրա երաժշտությունը։ Լուի Արմսթրոնգի թոռը լինելը ինձ համար շատ հեշտ է», – ասաց երաժիշտը։

«What a wonderful world» 

«What a wonderful world» ստեղծագործությունը Լուի Արմսթրոնգի ամենահայտնի և սիրված երգերից է։ Մեկնաբանելով կարծիքն այն մասին, թե ժամանակակից աշխարհը, ցավոք, հեռու է կատարյալ լինելուց` մեծանուն բլյուզմենի թոռը նշեց, որ աշխարհն այնպիսին է, ինչպիսին մենք այն տեսնում ենք։ 

«Եթե այն այնքան էլ հիանալի չէ, որքան կցանկանայինք, ապա պատճառն այն է, որ մենք` մարդիկ, այդպիսին ենք դարձնում այն։ «What a wonderful world» արտահայտությունը պետք է դառնա քաղաքական նշանաբան, հոգու կանչ», – կարծում է հասարակական գործիչ, գործարար և պրոդյուսեր Չարլի Արմսթրոնգը։ –0–