ArmStyle

«Սիրում եմ քեզ», «Լոնդոն-Փարիզ», «Եթե չգաս». այս և այլ երգեր ներկայացրեց հեղինակ-կատարող Վահե Քոչարն իր հեղինակային երեկոյի ընթացքում։

Փետրվարի 25-ին Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում անմիջական ու անկեղծ ակումբային մթնոլորտ էր` կիթառի ձայների ներքո: Երիտասարդ հեղինակ-կատարող Վահե Քոչարին շատերը ճանաչում են Բարդերի ակումբից: Հեղինակը հիմնականում կատարեց իր նոր երգերը, որոնք, ինչպես և հները, նվիրված էին սիրո թեմային: 

«Այլ թեմաներով չի ստացվում ստեղծագործել, սիրել շատ եմ սիրում»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց երիտասարդ կատարողը: Համերգի ողջ ընթացքում նա անկեղծորեն զրուցում էր ունկնդիրների հետ, ներկայացնում երգերի նախապատմությունն ու այդ կերպ ավելի անմիջական դարձնում երեկոն: «Մի աղջկա հետ էի հանդիպում, յուրաքանչյուր հանդիպմանը նա խոսում էր միմիայն Լոնդոնից ու Փարիզից, այնքան խոսեց, պատմեց, որ արդյունքում ծնվեց «Լոնդոն-Փարիզ» երգը»,- պատմեց Վահե Քոչարը:  

Սա հեղինակ-կատարողի երկրորդ մեծ համերգն էր: «Երգերը տարբեր տեղերում, տարբեր ժամանակ, տարբերի ժամերի գրվում են: Բայց դրանք հանդիսատեսին փոխանցելու միջոցը բեմն է: Վերջին մենահամերգս 2011-ին է եղել: Ահագին նոր երգեր ունեի,  որոնք կայացել էին փոքր համերգների ժամանակ, դրա համար որոշեցի կազմակերպել մեծ համերգ»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցին պատմեց Վահե Քոչարը:

Երաժշտությամբ Վահե Քոչարը սկսել է զբաղվել 1997-ից: Իր խոսքով՝ սովորել է տարբեր բուհերում՝ Ճարտարագիտական, Ագրարային, Մանկավարժական համալսարաններում, բայց բոլորը չէ, որ ավարտել է: Իսկ 2011թ.-ից սովորում է   Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 

«Կարևոր չէ, որ գրել ու նվագել սովորես լսարանում՝ դասախոսից, ես բավական շատ ավագ ընկերներ ունեմ, որոնցից մի ամբողջ կյանք կարելի է սովորել»,- նշեց Վահե Քոչարը: 

Համերգի ընթացքում Վահե Քոչարի հետ բեմում ելույթ ունեցավ նրա ընկերը՝ Արտակ Ներսիսյանը` շրթհարմոնով: «Մենք կիթառի ու երգերի միջոցով ոչ թե համագործակցում ենք, այլ ընկերություն ենք անում բեմի վրա: Երեկոյի ընթացքում գրեթե բոլոր երգերը նվագում էինք էքսպրոմտ: Կային երգեր, որ նույնիսկ ես էի առաջին անգամ լսում:  Կարևորը բեմում ընկերություն անելն է, միմյանց կես բառից հասկանալը»,- ասաց Արտակ Ներսիսյանը: 

Համերգից հետո «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում իր տպավորությունները կիսեց երգահան Էդուարդ Զորիկյանը: «Երիտասարդ սերունդը մեզանից լավն է, մեզանից անկեղծ է բեմում: Ես այդ անկեղծությունն ու ազնվությունն առաջնային եմ համարում: Մնացածը ձեռքբերովի է, ստեղծագործական բեմական կյանքի ընթացքում կլինի: Վահեին մաղթում եմ, որ կյանքի ընթացքում այսօրվա ունեցած անկեղծությունն ու ազնվությունը չկորցնի»: 

Էդուարդ Զորիկյանի խոսքով՝ Վահեն բացառիկ է նրանով, որ ի տարբերություն իր տարեկիցների` այլ հեղինակ-կատարողներից ոչ ոքի ազդեցությունն իր վրա չի կրում: 

«Իհարկե ազդեցություն կրում եմ: Ես սովորել եմ թե Ջիմ Մորիսոնից, թե Փինք Ֆլոյդից, թե Արթուր Մեսչյանից, Էդուրադ Զորիկյանից, Ռուբեն Հախվերդյանից, Ֆորշից: Պարզապես ես արտահայտում եմ իմ ներքինը: Անհնար է, որ ինչ-որ մեկին ես ու Հախվերդյանը նույն ձևով սիրենք: Այդ պատճառով էլ երևի իմ երգերը տարբերվում են»,- ասաց Վահե Քոչարը: 

Նա նաև խոստովանեց, որ ապագայի համար չի սիրում ծրագրեր կառուցել: Այդ պատճառով դեռ չի կարող որևէ բան ասել հաջորդ համերգի մասին: -0-