Երեկ երեկոյան Երևանում անցկացվեց «Հայկական երաժշտական հեռուստաալիքի» IX մրցանակաբաշխությունը:

2014թ.–ի լավագույն երգիչ է ճանաչվել Միհրան Ծառուկյանը, լավագույն երգչուհին Լիլիթ Հովհաննիսյանն է։ Երկու հաղթողներն էլ չէին մասնակցում մրցանակաբաշխությանը, քանի որ այդ պահին գտնվում էին արտասահմանում։  Լիլիթ Հովհաննիսյանի մրցանակը ստացավ նրա գործընկեր Քրիստինե Պեպելյանը, ով «Տարվա լավագույն երգչուհի» կոչմանն է արժանացել 2013թ.–ին, իսկ Ծառուկյանի մրցանակը կազմակերպիչները խոստացան երգչին փոխանցել ավելի ուշ։

Արամեն և Կարապետյանները «Քավոր» երգով ճանաչվեցին 2014թ.–ի լավագույն դուետը։ Արամեն մրցանակը ստանալիս խոստովանեց, որ այն իր համար անակնկալ էր, սակայն` բավականին ցանկալի։ 

Տարվա լավագույն cover ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի «Էլեգիա» երգը։ Երգչուհին «Դե էլ մի»  երգով հաղթեց նաև «Տարվա լավագույն պարային տեսահոլովակ» անվանակարգում։ Այսպիսով Լիլիթը դարձավ արարողության առաջատարը։ Տարվա հիթ ճանաչվեց Արմոյի «Ուշ է հիմա» երգը, իսկ «Տարվա լավագույն այլընտրանքային կատարում»` Գոռ Սուջյանի «Out of control» երգը։ Նա խոստովանեց, որ հաղթանակ բերած երգն իր համար հաջող փորձ է դարձել։ Եվ վերջապես «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթեց Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկեր» հուզիչ տեսահոլովակը, որի ռեժիսորը Արեն Բայաթյանն է։ 

«Սա իմ ամենակարևոր աշխատանքներից է, այն շատ թանկ է ինձ համար։ Շատ սեր եմ ներդրել այդ աշխատանքի մեջ», – ասաց Քրիստինե Պեպելյանը։ 

«Հայկական երաժշտական հեռուստաալիքի» գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի խոսքով` հաղթողները որոշվել են քվեարկության միջոցով, որին մասնակցել է մոտ 600 մարդ, որոնցից 50–ը հայտնի մարդիկ են։ Նրանք մասնակցել են գաղտնի քվեարկությանը, իսկ մնացած ձայները հավաքվել են հասարակական հարցման արդյունքում` ազատ ընտրության սկզբունքով։ Հարցումն անցկացվել է Հյուսիսային պողոտայում մարտի 15–ին։ 41 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։

Մրցանակաբաշխության լուսանկարները կարելի է դիտել այստեղ։ -0-