ArmStyle

Մարտի 2-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ երգահան Մարինե Ալեսի «Սիրո հանգրվաններ» բարեգործական համերգը, որի ողջ հասույթը տրվելու է «Նվիրիր կյանք» հիմնադրամին: 2009-ին ստեղծված այս հիմնադրամի գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաների լիարժեք բուժմանը: Ի դեպ, Մարինա Ալեսը հիմնադրամի համահիմնադիրներից է: 

«Նվիրիր կյանք» հիմնադրամի 5-րդ տարելիցի շրջանակներում անցկացվող բարեգործական համերգին ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով նաև հիմնադրամի նախագահն է, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գործարար Ռուբեն Վարդանյանը և բարձրաստիճան այլ հյուրեր, արվեստագետներ: 

Մարինե Ալեսի մասնակցությամբ սա թվով երկրորդ բարեգործական համերգն է: Առաջինը տեղի է ունեցել 2010-ին: «Առաջին համերգի ժամանակ հիմնադրամը դեռ չուներ հիմն: Այս անգամ արդեն ունենք: Երգը՝ «Հույսի նավակը», շատ լավատեսական է, մեր հույսի նավակը կարծես շարժվում է դեպի քիչ կորուստներ ու շատ պահպանված երեխաների կյանքեր»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մարինե Ալեսը: Երգահանը նաև խոստովանեց, որ խնդրել է համերգին իրեն ծաղիկներ չնվիրել և այդ գումարը ևս հատկացնել: հանգանակությանը «Ես կին եմ ու ծաղիկներ շատ-շատ եմ սիրում, նույնիսկ ինքս եմ ինձ ծաղիկներ նվիրում, բայց խնդրել եմ, որ գումարը, որով պետք է մարդիկ ծաղիկներ գնեն, նվիրատվություն անեն հիվանդ երեխաների բուժմանը»:  Երգահանը վստահ է,  որ անկախ ծանր ժամանակներից հայերն իրենց գեների մեջ պահպանել են գթասրտությունը և չեն կորցրել կարեկցելու ու  օգնելու ունակությունը:  

Համերգի ընթացքում «Կադանս» անսամբլի նվագակցությամբ հնչեցին Մարինե Ալեսի հին ու նոր ստեղծագործությունները: Մարինե Ալեսն հայերեն և ռուսերեն լեզուներով բանաստեղծություններ ընթերցեց: 

Համերգին մասնակցեցին նաև Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Գևորգ Հակոբյանը, Ջանինան, Վահագն Հայրապետյանը, Էդուարդ Հարությունյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը:  

Համերգի ավարտը  խորհրդանշական էր. բեմում հայտնվեցին փոքրիկ երգիչ-երգչուհիներ, որոնց կատարմամբ հնչեց «Նվիրիր կյանք» հիմնադրամի հիմնը՝ «Հույսի նավակ» երգը, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: 

«Սա իրական բարեգործություն է: Բեմում հնչեցին լավագույն երգերը լավագույն երաժիշտների կատարմամբ: Կարծում եմ՝ մեզանում  բարեգործությունը միշտ կմնա բարձր մակարդակի վրա: Իսկ եթե այդ բարեգործությունը կատարվում է Մարինա Ալեսի արվեստի միջոցով, արդեն որակն անվիճելի է»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասան Վիգեն Ստեփանյանը:  

Իսկ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը   «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ վաղուց այդպիսի ապրումներ չէր ունեցել: «Հաճելի թախիծ էր պարուրել բոլորիս: Ալեսը շատ խորքային անձնավորություն է, բնականաբար նրա երգերն էլ են այդպիսին: Վստահ եմ, որ դահլիճում չկա մեկը, ում չհուզեց համերգը: Սոցիալական այս պատասխանատվությունը պետք է զգա յուրաքանչյուրը՝ լինի գործարար, շարքային քաղաքացի, թե արվեստի մարդ: Դա առաջին հերթին ոչ թե կարիքավորներին է պետք, այլ մեզ՝ բոլորիս»: ԼՂՀ մշակույթի նախարարը նշեց, որ համերգից հետո քննարկում է եղել ու որոշվել է, որ այս համերգը պետք է անպայման կազմակերպվի նաև Արցախում: «Ալեսի արվեստի երկրպագուներ Արցախում շատ կան, նաև մեր երգիչների երգացանկերում կան նրա երգերից: Վստահ եմ, որ Արցախի հանդիսատեսը ևս մեծ սիրով կգա ու կունկնդրի այս համերգը»: -0-