ArmStyle

Delos ստուդիայի թողարկած Virtuoso Rossini Arias ձայնասկավառակն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը «Լավագույն դասական մեներգեցողության ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում, նշված է Latimes.com կայքում:

Ջոակինո Ռոսսինիի վիրտուոզ մեներգերն ամերիկացի տենոր Լորենս Բրաունլին (Lawrence Brawnlee) ձայնագրել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

«Գրեմմի» 57-րդ ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2015թ.–ի փետրվարի 8-ին, Լոս Անջելեսի Սթէյփլզ կենտրոնում և կհեռարձակվի CBS-ի եթերում: Մրցանակներ կշնորհվեն 83 անվանակարգում:

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ «Գրեմմին» հիմնադրվել է 1958թ.–ի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակն է, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինոմատոգրաֆիայի Օսկար մրցանակի հետ։ «Գրեմմի» ամենամյա մրցանակը պարգևատրվում է 30 երաժշտական ժանրերում, ձայնագրման ակադեմիայի լիազորված անդամների քվեարկության արդյունքում։ -0-