ArmStyle

Այս տարի Հայաստանում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ «Կոմիտաս 145» հոբելյանական շարքի շրջանակում: Հերթական և, թերևս, ամենանշանակալի միջոցառումը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին: Այդ օրը Երևանում կմեկնարկի «Կոմիտասյան օրեր» երաժշտական փառատոնը, որը նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտորի հոբելյանին: Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:

«Կոմիտասը մեզ մեծ մշակութային ժառանգություն է թողել: Կոմպոզիտորին նվիրված միջոցառումների շարքն այս տարի մեր գործունեության հիմնական ուղղություններից մեկն է», — մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ փառատոնի հյուրերն ու մասնակիցները բացման օրը կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն մեծանուն կոմպոզիտորի հիշատակին:

Իսկ երեկոյան տեղի կունենա փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը կնշանավորվի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում նախատեսված մեծ համերգով:

Փառատոնի կազմակերպիչ Մհեր Նավոյանը նշեց, որ փառատոնին կմասնակցեն բազմաթիվ երաժշտական համույթներ և մենակատարներ, որոնց թվում են դաշնակահարներ Արմեն Բաբախանյանը, Կարինե Օհանյանը, Անդրեյ Կուրբետը, երգիչներ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), ինչպես նաև հայկական կամերային երգչախմբերը:

«Հատկանշական է այն, որ փառատոնի ծրագրում ներառված են Կոմիտասի վաղ ստեղծագործությունները, որոնք մեծ բեմում չեն կատարվել», — ասաց Նավոյանը:

Փառատոնը, որի շրջանակում կկազմակերպվի հինգ համերգ, կավարտվի հոկտեմբերի 8-ին Կամերային երաժշտության տանը «Պատարագ» ստեղծագործության կատարմամբ:

Հոբելյանական միջոցառումներ կկազմակերպվեն ողջ տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Այսպես` սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «Կոմիտասյան անլռելի սիմֆոնիա» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, իսկ հոկտեմբերի 18-ին Լոնդոնում տեղի կունենա նոր հայկական երգչախմբի դեբյուտային ելույթը: «Կոմիտաս 145» միջոցառումների շարքը կեզրափակվի դեկտեմբերի 8-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված մեծ համերգով: -0-