Ապրիլի 10–ին Yans երաժշտական ակումբում կայացավ Էրիկի «Քո հետքերը» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Հարկ է նշել, որ ձայնասկավառակի թողարկումը հնարավոր է դարձել ՎՏԲ–Հայաստան բանկի հովանավորության շնորհիվ։

«Սա շատ երկար սպասված ձայնասկավառակ է։ Ստեղծման գաղափարն առաջացել էր մի քանի տարի առաջ, երբ ես «Նոր ալիք» մրցույթում ներկայացրի «Քո հետքերը» երգը»,– շնորհանդեսի ժամանակ ասաց Էրիկը` գործակցության համար շնորհակալություն հայտնելով ՎՏԲ–Հայաստան բանկին։ 

Ըստ նրա, «Քո հետքերը» ալբոմում ներառվել են արդեն հայտնի հիթեր, ինչպես նաև` նոր երգեր։ Ձայնասկավառակը թողարկվել է 2000 օրինակով, սակայն երգիչը հույս ունի, որ ժամանակի ընթացքում այդ քանակը կավելանա։ 

Պատասխանելով «ԱՌԿԱ Style»–ի այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել  երգերը` Էրիկը պատասխանեց, որ դրանք հիմնականում գեղարվեստական մեծ արժեք ունեցող երգեր են։ Երգերից յուրաքանչյուրը յուրովի թանկ է երգչի համար, դրանցից յուրաքանչյուրը նա զգացել է ողջ հոգով։ 

«Մենք փորձեցինք անել այնպես, որ ձայնասկավառակը լսվի մեկ շնչով, իսկ մեկը մյուսին հաջորդող երգերը ներդաշնակ լինեն միմյանց հետ»,– ասաց Էրիկը։ 

Նա խոստովանեց, որ սերն իր ստեղծագործության գլխավոր թեման է։ Նա վստահ է, որ հենց սերն է ամբողջ կյանքի հիմքը։ 

«Ես միշտ երգելու եմ սիրո մասին։ Նույնիսկ ամենապատանի տարիքում պատկերացնում էի այն միակին, որին նվիրում էի իմ երգերը։ Միշտ զգում եմ դա։ Չէ՞ որ երաժշտությունը սեր է…»,– ասաց Էրիկը։ 

ՎՏԲ–Հայաստան բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևն իր հերթին նշեց, որ «Քո հետքերը» ձայնասկավառակի թողարկումը ՎՏԲ–Հայաստան բանկի սոցիալ–մշակութային նախագծերի մի մասն է։ Բանկն ավանդաբար մասնակցում է Հայաստանի բարեգործական նախագծերին։ 

«Սա երիտասարդ կատարողների աջակցության մեր երկրորդ նմանատիպ նախագիծն է։ Առաջինն իրականացրել ենք Զառա Մարկոսյանի հետ։ Մենք որոշեցինք գործակցել Էրիկի հետ, որի հետ արդեն բարեգործական նախագծերի շուրջ աշխատանքի փորձ ունեինք։ Բացի այդ, Էրիկը հայտնի է Ռուսաստանում, և մենք ծրագրում ենք ձայնասկավառակը տարածել նաև Հայաստանից դուրս»,– ասաց Գուսևը։ 

Ըստ նրա, ՎՏԲ–Հայաստան բանկը սոցիալական ակտիվ դիրքորոշում ունի և կանոնավոր կերպով ֆինանսական օժանդակություն է տրամադրում երաժշտական տարբեր ուղղությունների ներկայացուցիչներին։ «Հաճելի է, երբ մասնակցում ես տաղանդավոր արտիստի պրոֆեսիոնալ աճին, և օգնում, որ բարձրորակ երաժշտությունը հասնի երկրպագուներին»,– նշեց Գուսևը։ 

Նա գոհունակություն հայտնեց նաև, որ ձայնասկավառակում ընդգրկված են բոլոր հայտնի կոմպոզիտորների, այդ թվում` Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Նա խոստովանեց` թեև հասկանում հայերեն չի, բայց պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։

Ձայնասկավառակի շնորհանդեսի լուսանկարները կարելի է դիտել այստեղ։ -0-