ArmStyle

Խաչատրյանի անվան երաժշտական II փառատոնի փակմանը նվիրված համերգը, որը տեղի էր ունեցել նախօրեին երեկոյան, հիշվեց ոչ միայն հայ հանդիսատեսի կողմից։ Եզրափակիչ մասը, որի ժամանակ հնչեցին Խաչատրյանի ստեղծագործությունները, հեռարձակվեց Euronews–ի պաշտոնական կայքում։

Հատկանշական է, որ առաջին մասից հետո առցանց ունկնդիրների թիվը հասել է 160 հազարի։ Չնայած սեպտեմբերի 16–ին մեկնարկած փառատոնի բոլոր համերգներին կարելի էր հետևել առցանց ռեժիմով նվագախմբի կայքում, Euronews–ն առաջին անգամ էր հեռարձակում համերգը։

Պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Աննա Տեր–Հովակիմյանը կարծում է, որ նման հայտնի մեդիանախագծերի հետ համագործակցությունը 2015 թ.–ին շատ կարևոր կլինի, քանի որ նվագախմբի համերգների մեծ մասը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը համերգից առաջ տեղեկացրեց, որ այն նվիրվում է անվանի քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի 135–ամյակին։

Նրա խոսքերով` փառատոնն արդեն միջազգային մակարդակի ճանաչում է ձեռք բերել, ինչի մասին վկայում է այն փաստը, որ համերգն առաջին անգամ կհեռարձակվի Euronews–ի պաշտոնական կայքում։

«Կարծում եմ` այդ փաստը թույլ է տալիս արդարացիորեն կարծել, որ փառատոնն իսկապես հաջողվել է», – ասաց Սմբատյանը։ 

Դժվար է չհամաձայնել երիտասարդ դիրիժորի հետ։ Ինչպես մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ընտրությունը, այնպես էլ կատարողների վարպետությունը հաստատեցին նրա խոսքերը։ -0-