ArmStyle

Հայտնի հայ երգուհի Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Կգա մի օր» (անգլ.` Where were you): Երգի մի մասը անգլերեն է, մյուս մասը` հայերեն:

«Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: «Կգա մի օր»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն և պար: Մեր պատմության ընթացքում ամենադժվար պահերին անգամ ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ և փորձել եմ այդ ներկայացնել այստեղ: Ոչ միայն երաժշտությունս է հայկականի և համաշխարհայինի միաձուլում, այլև տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստները և այլն: Այսպիսինն եմ ես, այսպիսինն է իմ իրականությունը: Յուրաքանչյուր լեզվի խորհուրդը տարբեր է: Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել, անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց»,-գրել է Սիրուշոն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում:

Երգի բառերի հայերեն տարբերակի հեղինակը հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն է, անգլերեն տարբերակը գրել է հենց ինքը՝ երգչուհին, ով նաև երաժշտության հեղինակն է: -0-