ArmStyle

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Եվ կազմակերպեցին… Հիանալի ամառային երեկոն լցվեց նոր գույներով Հայաստանի պետական ջազ նվագախմբի և վոկալիստների կատարմամբ հիասքանչ ջազային մեղեդիների հնչյունների ներքո: Կատարվեցին ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ջազային ստեղծագործություններ, որոնք տարբեր էին իրենց ոճով և զգացմունքային  հագեցվածությամբ:  

Հնչեցին, մասնավորապես, նուրբ և լիրիկական «My funny Valentine»-ը, և «My one and only love»-ը, և ռիթմիկ «Chick to chick»-ը, հատվածներ «Hunting rabbits» սյուիտից և «Come fly with me»-ն, ինչպես նաև ջազային իմպրովիզներ Չայկովսկու «Ծաղիկների վալսի» հիման վրա, և հայկական «Տոնականը», և շատ այլ ստեղծագործություններ: Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը «ԱՌԿԱ-Style»-ին պատմեց այն մասին, թե ինչ է ջազն ու կոնկրետ ինչով այս համերգը հիշվեց ջազի սիրահարների համար:

«Ջազը մտածողության ձև է կյանքում և երաժշտության մեջ, ինչպես նաև լեզու, որը հնարավորություն է տալիս առավելագույնս անկեղծ ու լիարժեք արտահայտել սեփական մտքերը: Ինչ վերաբերում է համերգին, ապա այն հարկավոր է դիտարկել մեր պարբերական ելույթների համատեքստում, որոնց նպատակն է հայ ունկնդրին հնարավորինս ամբողջականորեն ներկայացնել ջազային ստեղծագործությունների լայն ներկապնակը, դարձնել ջազն առավել հայտնի Հայաստանում», — ասաց Հյուսնունցը:

Նա նշեց, որ այդ ուղղությամբ դեռ շատ բան կա անելու, մասնավորապես` խթանել երիտասարդ հայ կոմպոզիտորներին` ստեղծելու ջազ երաժշտություն նվագախմբերի համար: 

Նվագախմբի հետ միասին ելույթ ունեցան մենակատարներ Աստղիկ Մարտիրոսյանը, Անահիտ Շահբազյանը, Էմմա Ասատրյանն ու Գեորգի Բունիաթյանը: Հայաստանի պետական ջազ նվագախումբը անմիջական  իրավահաջորդն է Անդրկովկասի առաջին գազ նվագախմբի, որը ստեղծվել է հանրապետության կառավարության հրամանագրով 1938 թ.-ին` տաղանդավոր կոմպոզիտորներ Արտեմի Այվազյանի և Ցոլակ Վարդազարյանի կողմից: -0-