ArmStyle

Հոկտեմբերի 24-ին Երևանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Արարատն է վկա» երաժշտական նախագծի շնորհանդեսը:

Տեսահոլովակի պրոդյուսեր, «Աշխարհի մարդիկ» հիմնադրամի հիմնադիր Ստեֆան Հեքիմյանը լրագրողներին հայտնեց, որ տեսահոլովակը, որը կարելի է կարճ ֆիլմ համարել, կօգնի միլիոնավոր օտարերկրացիների գիտակցել և զգալ XX դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի ցավ։

Պրոդյուսերը նաև նշեց, որ 3-4 ամիս առաջ երաժշտության և խոսքերի հեղինակ Էլինա Սամարինան, ով ազգությամբ հայ է, ներկայացրեց երգի դեմո տարբերակը։ «Մենք մտածեցինք և որոշեցինք այդ աշխատանքի միջոցով ևս մեկ անգամ աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի նկատմամբ կատարված անարդարությունը», — ասաց Հեքիմյանը:

Այս պահին գրեթե ավարտվել է երգի անգլերեն տարբերակի ձայնագրությունը, սակայն անունը դեռ չի ընտրվել

«Երգի ռուսերեն տարբերակը կատարում է Էդուարդ Մհերը: Մենք որոշեցինք տեսահոլովակի շնորհանդեսը կազմակերպել հենց Հայաստանում և նախագծի գաղափարը աշխարհին ներկայացնել հայ լսարանի միջոցով, սակայն պատրաստվում ենք ներկայացնել այն նաև Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում… մեծ հաճույքով կներկայացնենք այն Թուրքիայում, եթե հովանավորներ լինեն», — նշեց պրոդյուսերը:

Տեսահոլովակ-ֆիլմի ռեժիսոր և գաղափարի հեղինակ Սերժ Գաբյանը նշեց, որ տեսահոլովակն այնպես է նկարահանված, որպեսզի սյուժեն հասկանալի լինի ոչ միայն հայերին, այլև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մարդկանց, ովքեր ոչինչ չգիտեն 1915 թ.-ի իրադարձությունների մասին:

«Մենք որոշեցինք, որ հոլովակը կլինի միայն անգլալեզու և ռուսալեզու, քանի որ հայերն առանց այդ էլ գիտեն իրենց ցավն, ու պետք չէ կրկին հիշեցնել այդ մասին», — ասաց Գաբյանը:

«Աշխարհի մարդիկ» հայերի պատմամշակութային ժառանգության աջակցության և զարգացման հիմնադրամը, որը գործում է Ռուսաստանի և մյուս երկրների տարածքում, որտեղ հայեր են բնակվում, հայ ժողովրդի դրական կերպարի և Հայաստանի իմիջի ստեղծման և աջակցության առաքելություն է իրականացնում ողջ աշխարհում բնակվող հայերի ստեղծած սոցիալ-մշակութային ժառանգության նկատմամբ համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու միջոցով:-0-