Երաժիշտներ Կարեն Մարգարյանը, Տիգրան Պետրոսյանը և Գրիշա Աղախանյանը՝ KMsounds Production ընկերության հետ համատեղ, նախաձեռնել են մի ծրագիր, որի շրջանակում նկարահանվել է «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին։ Տեսահոլովակում համաշխարհային ճանաչում ունեցող գործիչներ են նկարահանվել։ 

Տեսահոլովակը պատմում է ընտանիքը կորցրած և այս աշխարհում մենակ մնացած փոքրիկ աղջկա կոտրված ճակատագրի մասին։

«Տեսահոլովակում նկարահանվել են հայազգի և հայերի բարեկամ հանդիսացող մշակութային մի շարք գործիչներ։ Նրանք վշտակցում են փոքրիկ աղջկան և այն միլիոնավոր ընտանիքներին, որոնց երազանքներն անհետացել են անապատի ավազներում: Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Մենք չենք ցանկանում, որ որևէ այլ ազգ անցնի այն արհավիրքի միջով, որով հայ ազգն է անցել»,– նշված է նախագծի պաշտոնական կայքում։ 

Տեսահոլովակում նկարահանվել են աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, համաշխարհային օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, շոումեն և գրող Վահե Բերբերյանը, դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, դերասան Արմեն Ջիգարխանյանը, երաժիշտ Լևոն Օգանեզովը, դերասաններ Երվանդ Մանարյանը և Ռաֆայել Քոթանջյանը, դերասան և ռեժիսոր Միքայել Պողոսյանը, շոումեններ Գարիկ Մարտիրոսյանը և Միխայիլ Գալուստյանը, ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս), դերասաններ Դմիտրի Խառատյանը, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։ 

 

Բացի աստղերից և արվեստի գործիչներից, տեսահոլովակում նկարահանվել են նաև ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ռուս հեռուստալրագրող և քաղաքագետ Վլադիմիր Սոլովյովը, բժիշկ Լեոնիդ Ռոշալը։ 

KMsounds Production ընկերությունը և տեսահոլովակում նկարահանված մշակութային գործիչներից յուրաքանչյուրն իր ուղերձն է հղում աշխարհին` ասելով. «Այն, ինչ կատարվեց 1915թ.-ին, Ցեղասպանություն էր: Եվ այն պետք է ճանաչվի աշխարհի կողմից, որպեսզի կանխարգելվի պատմության կրկնությունը»,– նշում են նախագծի ղեկավարները:
 
Ծրագիրը բավականին լայնածավալ է և բարդ` իրականացման մեջ, քանի որ նախատեսում է նկարահանումներ տարբեր երկրներում` ԱՄՆ–ում, Ռուսաստանի Դաշնությունում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում և այլուր:

Նախագծի պաշտոնական կայքում ներկայացվել է հոլովակի կրճատ տարբերակը։ -0-

 https://www.youtube.com/watch?v=XFGtMOX4ymk&nbsp