ArmStyle

Հայկական Dodma, Nairi, The Beautified Project, Vordan Karmir և Hayard ռոք խմբերը Երևանում միանգամայն նոր ձևաչափով համերգ կունենան։ Այդ մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեցին խմբերի անդամները։ 

Համերգը կկայանա մայիսի 3–ին Opium ակումբում։ Յուրաքանչյուր խումբը հանդես կգա իր ծրագրով։ 

«Մենք համատեղ համերգ ենք ունեցել, բայց նոր ձևաչափի գաղափարը ռոք երաժշտությունն ունկնդրին նորովի ներկայացնելն է։ Համերգը կուղեկցվի մնջախաղով` ելույթից հետո յուրաքանչյուր երգ կներկայացվի նաև պարի տեսքով»,– լրագրողներին ասաց համերգի կազմակերպիչ Տիգրան Զալինյանը։ 

Մնջախաղը, ըստ նրա, մոդեռն ոճով կլինի։ 

Կազմակերպիչն ավելացրեց նաև, որ մտադրություն կա ապագայում շարունակել նախագիծը։ 

Dogma խմբի կիթառահար Վարդան Գրիգորյանը նշեց, որ երաժիշտներն իրենք էլ անհամբերությամբ սպասում են համերգին, քանի որ ելույթի ձևաչափը միանգամայն նոր է, և մասնակիցներն իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպես ամեն ինչ կստացվի։ 

«Դա յուրօրինակ փորձ է։ Տիգրանը հանդես է եկել առաջարկությամբ, մենք հաճույքով համաձայնել ենք, և կանենք ամեն ինչ, որ համերգը հաջողվի»,– ասաց Վարդան Գրիգորյանը։ 

Hayard խմբի ներկայացուցիչ Անդրե Վարդանյանի խոսքով` համերգը ևս մեկ քայլ է դեպի շոու բիզնեսի զարգացում։ 
«Ինձ թվում է` դա շատ հետաքրքիր գաղափար է։ Առհասարակ, այս տարին ռոք խմբերի համար շատ ակտիվ սկսվեց։ Հատկապես System of a Down խմբի համերգից հետո ակնհայտ դարձավ, որ մարդիկ հավաքվում են` անկախ տարիքից և նախընտրություններից, լավ ժամանակ անցկացնելու համար»,– ասաց նա։ -0-