ArmStyle

ԱՄՆ–ից ժամանած Element Band ֆոլկ–խումբն առաջին անգամ է հանդես գալիս Երևանում։ Նախօրեին տեղի է ունեցել խմբի համերգը Կամերային երաժշտության տանը, իսկ մարտի 15–ին Element Band–ը ելույթ կունենա «Մեցցո» ակումբում։ Համերգներին նաև մասնակցում է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։

Առաջին համերգից հետո խմբի ղեկավար Արա Տապանճեանը ներկայացրել է պատմական հայրենիք կատարած առաջին այցից ստացած տպավորությունները, պատմել է, թե ինչու է երաժշտական համույթը կոչվում Element Band, ինչպես նաև խոսել է խմբի ստեղծագործական գործունեության մասին։ 

«Element նշանակում է մասնիկ։ Մենք ստեղծել ենք խումբ`տարբեր մասնիկներից, մարդկանցից, որոնք եկել են տարբեր երկրներից, ովքեր հայեր են և ոչ միայն։ Ընդ որում մեր խմբի մասնակիցները հայեր չեն, նրանք սովորում են հայերեն և հպարտությամբ կատարում են հայկական երգեր», – ասաց Արան։

Նրա խոսքով` խմբի գլխավոր ստեղծագործական նպատակներն են պահպանել հայկական երաժշտությունը մաքուր տեսքով, սակայն անել այնպես, որ այդ երաժշտությունը լսի նաև երիտասարդությունը։ 

«Մեր երաժշտության մեջ ակնհայտորեն զգացվում է հայկական ոգին, մենք նվագում ենք հայկական ազգային գործիքներ, սակայն մեր նպատակն է, որ մեզ հոգեհարազատ հայկական երգերը փոխանցվեն հաջորդ սերնդին, չկորչեն», – կարծում է նա։

Արան խոստովանել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և չի ցանկանում մեկնել Հայաստանից։

«Սփյուռքահայերը միշտ կարոտում են Հայաստանը։ Այն մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, անհավանական մեծ։ Հիմա ես շատ ուժեղ զգացմունքներ եմ տածում հայրենիքի նկատմամբ։ Պարզապես սիրահարվել եմ Երևանին։ Ձեզ համար Արարատը լեռ է, որը միշտ ձեր կողքին է։ Իսկ ես, երբ նայում եմ Արարատին, լացում եմ», – խոստովանեց նա։

Պատասխանելով «ԱՌԿԱ Style»–ի այն հարցին, թե ինչպես է առաջացել «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի հետ համատեղ համերգներ կազմակերպելու գաղափարը` Արան պատասխանեց. – «Ընտրել ենք «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, քանի որ դիտել ենք տեսագրությունն ու հասկացել, որ նրանք շատ լավ երաժիշտներ են։ Սակայն «կենդանի» նրանք մեզ ավելի շատ դուր եկան», – գովել է Տապանճեանը հայ երաժիշտներին։ 

Element Band խումբը ստեղծվել է 2004թ.–ին։ Առաջին ձայնասկավառակը թողարկվել է 2006թ.–ին։ Element Band–ը թողարկել է երեք ձայնասկավառակ, ելույթ է ունեցել ԱՄՆ–ի ամենահեղինակավոր բեմերում, հյուրախաղերով եղել է Կանադայում։ Element Band  խմբի երաժշտական ոճն առանձնահատուկ է. խումբը հայկական ֆոլկը համադրում է տանգոյի, ֆլամենկոյի, հունական ու ֆրանսիական ազգային երաժշտության ժամանակակից մոտիվների հետ: Խմբի մեներգչուհի Սոսե Քեշիշյանը երգում է հայերեն, պարսկերեն, իսպաներեն և հունարեն լեզուներով։ Խմբի երգացանկում ներառված են աշխարհահռչակ երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում` հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Երևանյան համերգների կազմակերպիչը DEEM Communications ընկերությունն է։

Համերգի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-