Ըստ ամերիկյան The Daily Dot լրատվական պորտալի` Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի` «Եվրատեսիլ 2015»–ի համար գրված «Face the shadow» (Դեմ առ դեմ ստվերին) երգն ընդգրկվել է լավագույն վեցյակում։

Ցուցակում են ընդգրկվել նաև Իսպանիան, Ֆինլանդիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ներկայացնող մասնակիցների տեսահոլովակները։ 

Ինչպես գրում է պարբերականը, մրցույթը երբեք քաղաքական թեմատիկայից դուրս չի մնում, և այս տարի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ ուշադրության կենտրոնում Հայաստանն է։ Հայկական խմբի տեսահոլովակում Ցեղասպանության մասին բաց հիշեցում չկա, բայց այն թաքնված է երգի բովանդակության մեջ, որը ներկայացնում է նախորդ դարասկզբի հայ ընտանիքի պատմությունը։ 

Հոդվածում ներկայացվել են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՀԱյաստանում տեղի ունեցած իրադարձությունները` ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ամուսնու` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի այցը Հայաստան, ինչպես նաև` Հռոմի պապի ելույթը Հայոց ցեղասպանությանը նվիրված կիրակնօրյա պատարագի ժամանակ։ 
«Թեև Հռոմի պապը և Քանյե Ուեսթը ճանաչում են ցեղասպանությունը, այնուհանդերձ թուրքական կառավարությունը ժխտում է այդ փաստը, ինչն իր հերթին վշտացնում է շատ հայերի»,– նշում է պարբերականը։ 

Հայաստանը «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում կներկայացնի  Genealogy խումբը` «Don’t deny» (Մի՛ ժխտիր) երգով։ Genealogy խմբում ընդգրկվել են հինգ մայրցամաքներում և Հայաստանում բնակվող հայ երգիչներ։ Մրցույթի վեց մասնակիցները կդառնան Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները խորհրդանշող անմոռուկի ինքնատիպ խորհրդանիշը։

Խմբի վեց մասնակիցներից առաջինը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն (Essaï) է, երկրորդը` երգչուհի Թամար Կապրելյանն ԱՄՆ–ից, երրորդը` Աֆրիկան ներկայացնող եթովպահայ երգիչ Վահե Թիլբյանը (Vahe Tilbian), չորրորդը` Ասիան ներկայացնող և Ճապոնիայում բնակվող Ստեֆանի Թոփալյանը (Stephanie Topalian), հինգերորդը` Ավստրալիան ներկայացնող օպերային երգչուհի Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանը (Mary-Jean O’Doherty (Vasmatzian), և վերջապես վեցերորդ մասնակիցը` Հայաստանը ներկայացնող Ինգա Արշակյանը։

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։ Այդ կարգախոսը խորհրդանշում է բոլորին միավորող Եվրոպան, քանի որ կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլը» մշակույթներ և լեզուներ է միավորում։ 

Մրցույթի տարբերանշանն այս տարի ունի թափանցիկ մոլորակի տեսք, որի վրայով անցնում են կամուրջներ` ներկայացնելով տարբեր երկրների առանձնահատկություններն ու արտիստների ընդհանրությունները։ 

Այս տարի մրցույթին կմասնակցի 39 երկիր` Հայաստանը, Ալբանիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան (նախկին Հարավսլավիայի մասն է), Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան։ 

Մի քանի երկրներ, այդ թվում` Ուկրաինան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան, Թուրքիան, Լիխտենշտեյնը և Լյուքսեմբուրգը տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։
 
«Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 19–ին և 21–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 23–ին։ Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակիչ փուլում երկրորդ համարի ներքո։ -0-