ArmStyle

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2014 թվականն ավարտեց նոր նախաձեռնությամբ և երկու օր շարունակ` դեկտեմբերի 27-ին և 28-ին,  Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսին հրամցրեց հայկական ոսկե ֆոնդի լավագույն ֆիլմերի երաժշտությունը: 

Ճիշտ է` ֆիլմերի համար գրված մեղեդիներն աշխարհահռչակ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգության ընդամենը մի փոքրիկ մասն են կազմում, սակայն ժողովուրդը նրանց մեծ մասամբ ճանաչում է հենց այդ գործերով: 

«Կինոերաժշտությունը պետք է լինի պարզ լուծումներով, առանց հորինելու: Պարզ երաժշտություն գրելն ինքնին բարդ է, պարզին հանգելը շատ բարդ է: …«Կտոր մը երկինք» ֆիլմում Թորիկը նայում է երկնքում սավառնող թռչուններին: Ուրեմն երաժշտությունը պետք է լինի այդ թռիչքը` զուսպ, հայավարի, բայց միաժամանակ` արտահայտիչ»,- հարցազրույցներից մեկում ասել է հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` խոստովանելով, որ կինոերաժշտություն գրելն իր համար տառապանք է եղել: 

«Կինոերաժշտություն գրելն ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք»,- ժամանակին ասել է հայ ազգային կինոերաժշտության հիմնադիր Արամ Խաչատրյանը: 

«Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Նռան գույնը», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Աշնան արև»… Սիրելի ու հարազատ ֆիլմեր, որոնք հիշարժան ու տպավորիչ են դարձել նաև կինոերաժշտությամբ: Ավելին` դրանք այնպես են ընդունվել ժողովրդի կողմից, որ ասես առանձին գործեր լինեն, ֆիլմերի ենթատեքստից անկախ:  

«Նվագախմբի տղաները»` մի ամբողջ նվագախմբով 

Դահլիճը լեփ-լեցուն է, բեմում՝ դատարկ աթոռներ: Հնչում է հայ հանդիսատեսի ամենասիրելի ֆիլմերից մեկի`«Նվագախմբի տղաները» ֆիլմի հարազատ դարձած երաժշտությունը: Հանդիսականների շարքերից, մուտքի ու ելքի դռներից, հետնաբեմից ներս են մտնում երաժիշտները՝ հնչեցնելով հայտնի ֆիլմի քաջ հայտնի երաժշտությունը: 

«Հայֆիլմ Non-Stop» համերգային ծրագիրը սկսված է: Հանդիսատեսը տեղափոխվել է հայ կինոյի ու երաժշտության միացյալ աշխարհ: 

Երեկոյի ընթացքում հնչում են «Կտոր մը երկինք» (Տիգրան Մանսուրյան), «Տղամարդիկ» (Ռոբերտ Ամիրխանյան), «Հարսնացուն հյուսիսից» (Առնո Բաբաջանյան), «Ճերմակ անուրջներ» (Տիգրան Մանսուրյան),  «Պեպո» (Արամ Խաչատրյան), «Քաոս» (Էդվարդ Միրզոյան), «Ինչու է աղմկում գետը» (Արտեմի Այվազյան), «Թթենի» (Արմեն Բոյամյան),  «Եռանկյունի» (Էդուարդ Բաղդասարյան)  և այլ ֆիլմերի մեղեդիները։ Ընդհանուր առմամբ` 17 հայկական ֆիլմի երաժշտություն:

Համերգն ուղեկցվում է հայկական սիրված ֆիլմերի կադրերով, համեմվում հետաքրքիր տեսանյութերով, որոնք պատմում են ժամանակի անվանի ռեժիսորների, արվեստագետների մասին: 

Համերգն ավարտվում է հենց այնպես, ինչպես սկսվել էր: Հնչում է «Նվագախմբի տղաները» ֆիլմի երաժշտությունը, և երաժիշտները նվագելով հեռանում են տարբեր ուղղություններով` դեպի մուտքի ու ելքի դռներ, հետնաբեմ, 
հանդիսականների շարքեր…

Հայ ֆիլմի երաժշտության նոտաները «նորոգվել են»

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Non-Stop» համերգաշարը մեկնարկել է 2012թ.–ին «Հոլիվուդ նոն ստոպ» նախագծով: Համերգի ավարտից հետո «ԱՌԿԱ Style»-ի թղթակիցը նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանից հետաքրքրվեց, թե ինչպես ծնվեց «Հայֆիլմ Non-Stop» համերգային ծրագրի գաղափարը: 

««Հոլիվուդ Non-Stop»-ի առաջին իսկ հանդիպումից մամուլը հարց ուղղեց մեզ` իսկ ինչու հոլիվուդյան և ոչ հայկական ֆիլմերի երաժշտություն: Գաղափարը հետաքրքրեց: Սակայն երբ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, հասկացանք, որ հայ ֆիլմի երաժշտությունը կատարելը գրեթե անհնար է: Մեղեդիների մի մասը պահպանվում է միայն ձայնային տարբերակով։ Կային նյութեր, որոնք տարիների ընթացքում արխիվներից այս կամ այն պատճառով անհետացել էին։ Ընդգրկված 17 ֆիլմից 10-ը նոտագրված չէին, և երաժշտությունը զրոյից է գրվել: Ստեղծագործությունները մոռացության մատնվելու վտանգի տակ էին: Համերգի հովանավորի շնորհիվ վերածնվեցին և թվայնացվեցին հայկական ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները»,- խոստովանեց Սերգեյ Սմբատյանը։ 

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն իր սիրելի ֆիլմերից շատերի երաժշտությունը վայելեց երեկոյի ընթացքում: «Հայկական ֆիլմերն այսօր չեն հիշվում, իսկ դա ֆիլմերի մեղքը չէ, մեր մեղքն է: Հիանալի նախաձեռնություն է։

Գդակս հանելով շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպիչներին: Այս խառնաշփոթ երաժշտական մթնոլորտում սա յուրահատուկ լուսավորչական նախաձեռնություն է. պահպանել այն, ինչ կա, ներկայացնել, թե մենք որտեղից ենք, ով ենք, ինչ ենք: Կարծում եմ` սա այնքան խոր ու բովանդակալից հնարավորություններ ունեցող համերգային նախաձեռնություն է, որ  իրավունք չունի չշարունակվելու»,- «ԱՌԿԱ Style»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտին Վարդազարյանը: 

«Հայֆիլմ Non-Stop»-ը կշարունակվի

Սերգեյ Սմբատյանը դրական է համարում այն, որ բոլոր հայտնի ֆիլմերում հնչած մեղեդիները չեն, որ ներառվել են «Հայֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրում: Դա ևս խթան է, որ ծրագիրը շարունակական բնույթ կրի: «Համերգային ծրագիրն ապացուցեց, որ հայ հանդիսատեսը շարունակում է սիրել հայ ֆիլմը. իսկ ինչու է սիրում, քանի որ այդ ֆիլմերում կա սեր, ռոմանտիզմ, գաղափար ու միտք, այն ինչ այսօր, ցավոք, ամենուր պակասում է: Իսկ այդ ֆիլմերի ստեղծման ուղղությամբ աշխատել է շատ ուժեղ ու հաջողված մարդկանց թիմ: Մենք պարտավոր ենք պահպանել այդ արժեքը»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: 

Երիտասարդ դիրիժորը վստահ է` «Հայֆիլմ Non-Stop»-ը  չի կարող չշարունակվել: Այն արձագանքը, որ եղել է համերգից հետո, դահլիճում տիրած մթնոլորտը նույնիսկ իր համար է անակնկալ եղել:  «Եթե հանդիսատեսը ոգևորված է, ու զգում ես նրանց արձագանքը, հասկանում ես, որ մարդիկ ցանկություն ունեն, որ նախագիծը շարունակվի, ապա այն հաջողվել է: Հաջորդ տարի փակագծերն ավելի կբացվեն ու ցանկը կընդլայնվի»,- խոստացավ երիտասարդ դիրիժորը:-0-