ArmStyle

Հոկտեմբերի 8–ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կանցկացվի «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» առաջին փառատոնը, որի նպատակն ազգային երաժշտության քարոզումն է։ 

Միջոցառման նախաշեմին փառատոնի կազմակերպիչ` Հայաստանի ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը լրագրողներին պատմեց, որ «Երաժշտական երկխոսությունը» մի տանիքի ներքո կհավաքի 19 ներկայացուցիչների 12 երկրներից, որտեղով անցել է Մետաքսե ուղին։ 

«Մենք ցանկանում ենք հայկական լսարանին ներկայացնել այլ ժողովուրդների ստեղծագործությունն ու ազգային տարազը, միաժամանակ օտարերկրացիներին ցույց տալ մեր ավանդական հարուստ մշակույթը»,– ասաց Լեյլոյանը։ 
Փառատոնին մասնակցելու համար Հայաստան են ժամանել երաժիշտներ Իսպանիայից, Իրանից, Չինաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ 

«Մենք պետք է քարոզենք հայկական երաժշտական գործիքներն ու երաժշտությունը։ Դասական ոճի հայ երաժիշտները հայտնի են ողջ աշխարհում, բայց աշխարհը շատ քիչ է ծանոթ ազգային երգերում, պարերում և տարազում դրսևորվող մեր հարուստ մշակույթին»,– ասաց միջոցառման կազմակերպիչը։ 

Այս անգամ փառատոնը կտևի միայն մեկ օր, բայց կազմակերպիչները հույս ունեն, որ այն հաջողության և շարունակություն կունենա։ 

Փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության, «Համագործակցություն» կանանց հասարակական կազմակերպության և «Armenian music Center»–ի օժանդակությամբ։ -0-