ArmStyle

Ղրիմում անցկացվող «Մանկական Նոր ալիք 2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյանը 3-րդ տեղն է գրավել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհու պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը։

«Շնորհավոր Հայաստաաաան… Մանկական Նոր Ալիքում պատվավոր 3-րդ մրցանակը մերն է»,–գրել է նա։

Մրցույթի առաջին օրը ժյուրիի անդամները Մերիի ելույթը գնահատել էին 94 միավոր, իսկ երկրորդ օրը նրանք գրեթե առավելագույն միավորներ էին շնորհել փոքրիկ երգչուհուն` նա հնարավոր 99–ից ստացել էր 98 միավոր։

Այս տարի մրցույթն անցկացվում էր օգոստոսի 11–ից 13–ը։ Մրցույթին մասնակցում էր 15 պատանի երգիչ` 12 երկրից։ 

«Մանկական Նոր ալիքի» ժյուրին, ըստ ավանդույթի, գլխավորում էր մրցույթի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։ Ժյուրիի կազմում ներառված էին նաև Լև Լեշչենկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, Յուլիա Սավիչևան, Ալեքսանդր Ռիբակը, Ալեքսանդր Իվանովը, Կատյա Իվանչիկովան (IOWA խումբ) և Ռոբերտո Քել Տորեսը։ -0-