ArmStyle

Հայաստանը ներկայացնող Բեթթին «People of the sun» երգով զբաղեցրել է երրորդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2014» մրցույթում:

Մրցույթում հաղթել է Իտալիայի ներկայացուցիչը, երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան: Բեթթին, չնայած բարձր ջերմությանը, արժանի ելույթ է ունեցել, ինչի մասին նրա ելույթից անմիջապես հետո նշել է շոուի մեկնաբան Ավետ Բարսեղյանը:

Մրցույթն այս տարի անցկացվել է #together-միասին կարգախոսի ներքո: «Մանկական Եվրատեսիլի» պատմության ընթացքում առաջին անգամ մրցույթն անցկացվել է կղզում: Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում էր Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խորհրդանշում էին Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքը, մթնշաղն ու արևամուտը:
Մրցույթի մասնակից պետությունները 16-ն էին՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ.–ից։ Առաջին անգամ մրցույթին Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» մանկական խումբը` «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը։ 2008թ.–ին Մոնիկա Մանուչարյանը ներկայացել է «Իմ երգի հնչյունները» երգով և զբաղեցրել ութերորդ տեղը: 2009թ.–ին Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով նվաճեց երկրորդ տեղը`այդ տեղը կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ։ Մեկ տարի անց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Մինսկում հաղթող ճանաչվեց Հայաստանը ներկայացնող ԼՂՀ-ից 12–ամյա Վլադիմիր Արզումանյանը, իսկ 2011թ.–ին մրցույթն անցկացվեց Երևանում, որտեղ Հայաստանը ներկայացրեց երգչուհի Դալիթան։

Compass Band հայկական խումբը, որը 2012թ.–ին Ամստերդամում ներկայացրեց Հայաստանը, զբաղեցրեց երրորդ տեղը։ 2013 թ.-ին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը Կիևում կայացած մրցույթին զբաղեցրեց վեցերորդ տեղը: -0-