ArmStyle

Հայաստանում կա լսարան, որը նախընտրում է ջազային որակյալ երաժշտություն, կարծում է հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը։

«Ջազային համերգներն ավելի շատ պետք է լինեն, իսկ միջոցառումները` ավելի հասանելի, որովհետև այդպիսի համերգները լավացնում են երեխաների ճաշակը և պետք են մեծահասակներին»,– «ԱՌԿԱ Style»–ին ասաց հայ ջազմենը Արմեն Հյուսնունցի ղեկավարած Հայաստանի պետական ջազ–նվագախմբի տոնական համերգի ընդմիջման ժամանակ։ 

Համերգը երկար կհիշվի ջազային երաժշտության երկրպագուներին` պրեմիերաների և տոնական ջազային հիթերի փայլուն կատարման շնորհիվ։ 

«Այդ որակի երաժշտությունը տարիքային սահմանափակումներ չունի։ Համաձայն չեմ, որ «ճաշակին ընկեր չկա»։ Ճաշակին միշտ էլ ընկեր կգտնվի։ Իսկ այն փաստը, որ մենք կատարում ենք այնպիսի դասականների ստեղծագործությունների ջազ–տարբերակները, ինչպիսին, օրինակ, Բախն է, մեր համերգներին ներգրավում է նաև դասական երաժշտություն սիրողներին»,– ասաց Հայրապետյանը` կիսելով համերգից ունեցած տպավորությունները։

Հայաստանի պետական ջազ–նվագախմբի մեներգչուհի, երգչուհի MARBEY–ը  (Մարինա Հակոբյան) ասաց, որ նվագախմբի յուրաքանչյուր համերգ նոր զգացմունքներ, լուսավոր մտքեր է բերում, իսկ Ամանորին նվիրված այս համերգը միայն դրական լիցքեր է հաղորդում։ 

«Այսօր Նոր տարվան նվիրված երգեր եմ կատարել։ Դրանք տոնի, Ձմեռ Պապի, ցանկությունների կատարման մասին են։ Այդ երգերը դրական են տրամադրում, ցանկությունների կատարման համար ուժ են տալիս, դրանք սիրո, ջերմության երգեր են, ինչպես բոլոր տոնական մեղեդիները»,– ասաց նա։ -0-